7 օգոստոսի 2009 - 19:21 AMT
ՀՀ նախագահի Թուրքիա այցի վերաբերյալ Երեւանում հնչող ցանկացած կարծիք գոյության իրավունք ունի
«2009թ. աշնանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելելու վերաբերյալ հայկական քաղաքական դաշտում հնչող դրական կամ բացասական կարծիքները տրամաբանական են եւ գոյության իրավունք ունեն»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, եթե Հայաստանի նախագահի այցը դիտարկենք որեւէ այմանավորվածությունների ենթատեքստում, որոնք թուրքական կողմը չի կատարել, ապա Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա տեղին չէ:

Մելքոնյանի խոսքով, կա մեկ այլ տեսակետ, որը շրջանառվում է թուրքական մամուլում, եւ որի համաձայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստան էր ժամանել առանց որեւէ նախապայմանների, իսկ այժմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է նախապայմաններ առաջադրում: «Այդ առիթով ցանկանում եմ նշել, որ մինչեւ վերջին օրը Գյուլը պաշտոնապես չէր հայտարարում իր այցի մասին եւ Հայաստան ժամանեց այդ թվում նաեւ ռուս-վրացական հակամարտության առիթով, այսինքն` նրա այցը պայմանավորված էր արտաքին քաղաքական գործընթացներով»,- ընդգծել է Ռ.Մելքոնյանը: