7 օգոստոսի 2009 - 20:47 AMT
Սոչիում կներդրվի հայկական «Լոկատոր» ընկերության մշակած GPS տրանսպորտի արբանյակային դիտարկման համակարգը
Սոչիում կներդրվի հայկական «Լոկատոր» ընկերության մշակած GPS տրանսպորտի արբանյակային դիտարկման համակարգը: Համակարգի հաղորդիչներ կտեղադրվեն նաեւ «շտապ օգնության» մեքենաներում: «Մոտ ապագայում GPS համակարգի սարքեր կտեղադրվեն 36 մեքենաների վրա: Մինչեւ տարեվերջ մնացած 54 մեքենաները եւս «կվերցվեն արբանյակային վերահսկողության տակ»,-ասել են քաղաքապետարանում, գրում է GPSearch.Org-ը:

Ներկայուսմ Սոչի են առաքվել նման սարքերի փորձնական նմուշները, ուրբաթ օրը GPSearch.Org-ի թղթակցին է հաղորդել «Լոկատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արման Խաչատրյանը: Նրա խոսքերով, պատվիրատուն է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, որն «որոշել է նման նվեր մատուցել Սոչիին որպես մասնավոր անձ»:

Ըստ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի, նավիգացիոն-դիտարկման համակարգի ինքնարժեքը գնահատվում է 15 մլն ռուբլի: Միեւնույն ժամանակ, ըստ Արման Խաչատրյանի, դեռեւս վաղ է խոսել նախագծերի արժեքի մասին, քանի որ «անհասկանալի է համակարգի համալրումը»: «Ցանկացած դեպքում այդ տեղեկատվությունը փակ բնույթ է կրում»,-ասել է Խաչատրյանը:

«Լոկատոր» ՓԲԸ-ն առաջարկում է տրանսպորտի երթուղիների մշակման ու կարգավարման համակարգ, օգտագործելով GPS համակարգը եւ բջջային ցանցային կապի ռեսուրսները (GSM GPRS): Ընկերության մասնագետները ստեղծել են եզակի համակարգչային համակարգ, որը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ որոշել եւ ընդունելի ձեւով ներկայացնել հաճախորդներին օբյեկտների գտնվելու վայրը, արագությունն ու շարժման ուղղությունը:

Հայկական ընկերության առաջարկած ծառայությունները նախատեսվում են այն ձեռնարկությունների համար, որոնք շահագրգիռ են աշխատանքային դիսցիպլինայի բարձրացման, ավտոպարկի ծախսերի նվազեցման, տրանսպորտային ծառայությունների որակի բարելավման, փոխադրումների անվտանգության բարձրացման հարցերում: