7 օգոստոսի 2009 - 22:27 AMT
Ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելն արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը
Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան պատմական հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համար: Այդ մասին Ծաղկաձորում կայացած «Եվրոֆորումում» հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելն արգելակում է տարածաշրջանի տնտեսական զարգացումը:

Ամերիկյան դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակ կհատկացվի, իսկ նրա վերջնական կարգավիճակը կորոշվի որոշ ժամանակ անց հանրաքվեի ճանապարհով: «Հանրաքվեի ժամանակ կպահպանվի հայկական եւ ադրբեջանական բնակչությունների հավասարակշռությունը ԽՍՀՄ բնակչության անցկացրած վերջին մարդահամարին համապատասխան»,- ընդգծել է Բրայզան:

1989թ. ԽՍՀ բնակչության վերջին մարդահամարի համաձայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում (ԼՂԻՄ) բնակվում էր 75% հայ եւ 23% ադրբեջանցի: