Երեւանում կայացել է Համաշխարհային Ամառային 25-րդ Ունիվերսիադայի մրցանակակիրների պարգեւատրումը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում կայացել է Համաշխարհային Ամառային 25-րդ Ունիվերսիադայի մրցանակակիրների պարգեւատրումը, որը տեղի էր ունեցել հուլիսի 1-12-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Հիշեցնենք, որ Հայաստանի մարզական պատվիրակության կազմում ընդգրկված էր 14 մարզիկ, 4 մարզիչ եւ 1 մրցավար: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող ուսանող մարզիկները մասնակցեցին ձյուդոյի, թեքվանդոյի, սուսերամարտի եւ սեղանի թենիսի մրցումներին: Ունիվերսիադայի ընթացքում Հայաստանի ազգային դրոշը բարձրացվեց երեք անգամ: Լավագույն արդյունքը ցույց տվեց ձյուդոիստ Համբարձում Տոնոյանը (66 կգ ք/կ), որը նվաճեց հայկական հավաքականի միակ արծաթե մեդալը: Երկու բրոնզե մեդալների արժանացան ձյուդոիստներ Արթուր Սրապյանը (60 կգ ք/կ) եւ թեքվանդոիստ Արման Երեմյանը (78 կգ ք/կ): Դրամական պարգեւների արժանացան նաեւ հավաքականի ձյուդոյի մարզիչ Արթուր Գեւորգյանը եւ թեքվանդոյի թիմի մարզիչ Գեւորգ Դանիելյանը:



Ողջունելով եւ շնորհավորելով մրցանակակիրներին եւ մարզիչներին` կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց. «Ուսանողական մարզական ֆեդերացիան դեռեւս շատ անելիքներ ունի, սակայն գոհացուցիչ է, որ մեր բուհերի ուսանողները հաջողում են զուգակցել մասնագիտական կրթությունը մարզական հաջողությունների հետ: Մեր հավաքականն իրականում փոքր կազմով էր մեկնել Սերբիա, բայց կարողացավ այդքան բարձր վարկանիշ ունեցող մրցումներից վերադառնալ երեք մեդալով, որը լավ արդյունք է»: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ` 2011թ. Չինաստանի Ունիվերսիադային ՀՀ բուհերի ուսանողներն առավել պատրաստված կմասնակցեն:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---