ԵԱՀԿ ՄԽ-ը Թուրքիային թույլ չի տա միջամտել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հարցում բեկումային պահ է հասունացել, ինչի մասին բոլորը գերադասում են լռել` պարզապես, այդ իրավիճակից դուրս գալու համար տեխնիկական միջոցներ ձեռնարկելով», - Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, որպեսզի ո'չ հայկական, ո'չ էլ ադրբեջանական կողմերը չկարողանան հետագայում հրաժարվել ձեռքբերված համաձայնություններից, ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԱՄՆ-ի նախագահի կողմից առաջին քայլը եղավ շրջանակային համաձայնագրի հիմնական սկզբունքների հրապարակումը:



«ԵԱՀԿ ՄԽ-ը նույնպես որոշակի քայլեր է ձեռնարկել Թուրքիայի հանդեպ` հայտարարելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է զուգընթաց լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը», նշել է Ստեփան Սաֆարյանը` ընդգծելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ը թույլ չտվեց Թուրքիային ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ուղղել Ադրբեջանին շահավետ հունով:



«Թուրքիան Ադրբեջանի հանդեպ բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել, քանի որ խոստացել էր Բաքվին օգնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն ԵԱՀԿ ՄԽ-ը նրա առջեւ փակել է բոլոր ճանապարհները», - ասել է Ստեփան Սաֆարյանը:



Սաֆարյանը նաեւ նշել է, որ աշնանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առանձնակի փոփոխություններ չեն լինի, եւ ավելացրել, որ ամենայն հավանականությամբ որոշակի քայլեր կձեռնարկվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում:



Սաֆարյանը գտնում է, որ Թուրքիան բավականին ընկճված վիճակում է գտնվում, քանի որ նրան կանգնեցրել են ընտրության առջեւ` կա'մ բացել Հայաստանի հետ սահմանը, կա'մ ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես ընդգծել է Ստեփան Սաֆարյանը, Թուրքիան ավելի շուտ կհամաձայնվի առաջին տարբերակին, քան երկրորդին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---