12 օգոստոսի 2009 - 19:48 AMT
Թինա Քեյդենաուի նշանակումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ոչ մի լավ բան չի խոստանում
«ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնին Թինա Քեյդենաուի նշանակման մասին պաշտոնական հաստատում դեռեւս չկա, բայց համանախագահի փոփոխությունից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ոչինչ չի փոխվի»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա ընդգծել է, որ նման հարցերը լուծվում են ոչ թե անձնավորությունների, այլ ԱՄՆ կառավարության կողմից:

Նա նաեւ անձնական կարծիք է հայտնել, որ այդ պաշտոնին Կոսովոյում եւ այլ թեժ կետերում աշխատած մարդուն նշանակելը ոչ մի լավ բան չի կարող խոստանալ: «Այդ ամենի մեջ ինչ-որ ենթատեքստ կա»,- նշել է Վահրամ Աթանեսյանը:

Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:

Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ: