14 օգոստոսի 2009 - 18:29 AMT
ՀՖՖ Արտոնագրման բողոքարկման կոմիտեն բավարարեց «Արարատ» ՖԱ-ի բողոքը
Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման բողոքարկման կոմիտեի նիստը, որը քննարկում էր «Արարատ» ֆուտբոլային ակումբի բողոքարկումը Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմին)` ս.թ. հուլիսի 30-ին կայացրած որոշման դեմ: Հիշեցնենք, որ այդ օրը ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեն զրկել էր «Արարատ» ՖԱ-ին ազգային առաջնությանը մասնակցելու իրավունք ընձեռող արտոնագրից ՀՖՖ ակումբների արտոնագրման Ուղեցույցի (Տարբերակ 3.0) մարզական չափանիշի S.02 չափորոշիչի խախտման պատճառով:

Նիստին ներկա էին Բողոքարկման կոմիտեի յոթ անդամներից հինգը` Արայիկ Մանուկյան (նախագահ), Նելլի Ստեփանյան (տեղակալ, իրավաբան), Վահագն Դավթյան, Ռոբերտ Սարիբեկյան, Մուշեղ Նիկոյան (անդամներ): Արտոնագրման բաժինը ներկայացնում էին բաժնի պետ Առնո Սարգսյանը, բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը եւ ֆինանսական հարցերով փորձագետ Գագիկ Ռեչելյանը: Նիստին ներկա էր նաեւ «Արարատ» ՖԱ-ի Գործադիր տնօրեն Արկադի Անդրիասյանը:

Բողոքարկման կոմիտեի նիստը բացեց ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Առնո Սարգսյանը, ով նախ ներկայացրեց Արտոնագրման կոմիտեի որոշման էությունը, ինչպես նաեւ որոշման ընդունման պատճառները: Ապա ընթերցեց ՀՖՖ Գործադիր կոմիտեի` ս.թ. հուլիսի 31-ի որոշումը մարզական խնդիրները լուծելու նպատակով «Արարատ» ՖԱ-ին մինչեւ ս.թ. նոյեմբերի 1-ը ժամանակ տրամադրելու մասին: Ա. Սարգսյանը տեղեկացրեց ներկաներին, որ այդ որոշմամբ ՀՖՖ Գործադիր կոմիտեն նաեւ միջնորդում է Արտոնագրման բողոքարկման կոմիտեին բավարարել «Արարատ» ՖԱ-ի բողոքը:

«Արարատ» ՖԱ-ի Գործադիր տնօրեն Արկադի Անդրիասյանը, անդրադառնալով ակումբի մարզական խնդիրներին, նշեց, որ ակումբում արդեն իսկ սկսվել են տարվել աշխատանքներ ծագած մարզական խնդիրները լուծելու ուղղությամբ, ինչպես նաեւ ներկաների ուշադրությանը ներկայացրեց այդ փաստը հաստատող որոշակի փաստաթղթեր:

«Արարատ» ՖԱ-ի բողոքարկման բավարարման հարցը դրվեց քվեարկության: ՀՖՖ Արտոնագրման բողոքարկման կոմիտեն 5 կողմ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց որոշում բողոքը բավարարելու մասին: