18 օգոստոսի 2009 - 14:05 AMT
Արդյո՞ք Վրաստանի հայերը Հայաստանի կառավարությանը խնդրում են իրենց պաշտպանել վրացիներից ու ադրբեջանցիներից
Վրաստանում բնակվող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են պաշտպանել իրենց վրացիներից եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներից, հաղորդում է «Վրաստան Online»-ը` վկայակոչելով «Ախալի Տաոբա» թերթը: Նամակը ստորագրվել է Կվեմո Կարտլիում հայկական բնակչության մի մասի կողմից: Մինչդեռ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրտը հայտարարում է, որ «ծանոթացել է տվյալ նամակին եւ կարող է ասել, որ նրանում գրվածը սուտ է»: Նրա խոսքերով, նամակում հիշատակվում է Սամցխե-Ջավախք-Ցալկան: Դա ցույց է տալիս, որ բացի պատմության կեղծումից, նամակի հեղինակները սկսել են կեղծել նաեւ աշխարհագրությունը: Վան Բայբուրտը նշում է, որ տվյալ տերմինն օգտագործում է միայն «Միավորված Ջավախք» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, եւ միանգամայն հասկանալի է, թե ինչին է ծառայում նման նամակը:

Նա նաեւ հերքում է Վրաստանում բնակվող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ որեւէ դիմակայության առկայությունը: Ինչ վերաբերում է Ցալկայի հարցին, ապա Վան Բայբուրտը «բացառում է Հայաստանի կողմից տվյալ տարածքի նկատմամբ հավակնությունների ներկայացման հնարավորությունը, քանի որ, նրա խոսքերով, Երեւանում հիանալի գիտակցում են իրավիճակը, եւ այդ թեման երբեք արդիական չի կարող դառնա»: