18 օգոստոսի 2009 - 17:49 AMT
ՀՀ Ոստիկանությունը խստացրել է մեղադրանքը «կանաչ» ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ
ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը երկու օրվա ընթացքում փոխել է S.O.S Թեղուտ երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանքի հոդվածը: Օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր ստացավ՝ որպես մեղադրյալ օգոստոսի 15-ին ցուցմունք տալու հրավերով: Ծանուցագրում նշված մեղադրանքի հոդվածը ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի մաս առաջինն էր՝ զրպարտություն: Սակայն օգոստոսի 15-ին նրան հայտնեցին, որ նա մեղադրվում մեկ այլ հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նոր մեղադրանքը նշված է օգոստոսի 15-ի ծանուցագրում, ըստ որի՝ Մարիամ Սուխուդյանը հարցաքննման է հրավիրվում օգոստոսի 19-ին:

Գործը հարուցվել է Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման 2008թ. նոյեմբերի 13-ի թողարկման հիման վրա, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից սեռական ոտնձգությունների մասին, հաղորդում է «Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության մամլո հաղորդագրությունը: Ինքը` Մարիամ Սուխուդյանը, գտնում է, որ իրեն հետապնդում են Թեղուտի անտառը փրկելու համար «SOS-Թեղուտ» ակցիային մասնակցելու համար: