18 օգոստոսի 2009 - 19:14 AMT
Վրաստանի ԱԳՆ. Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ կազմից
Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը տեղեկատվություն է տարածել ԱՊՀ-ից երկրի դուրս գալու բոլոր իրավաբանական ընթացակարգերի ավարտի կապակցությամբ:

«2008թ. օգոստոսին ԱՊՀ մասնակից Ռուսաստանի Դաշնությունը ռազմական ագրեսիա է իրականացրել ԱՊՀ մյուս մասնակից Վրաստանի դեմ` իրագործելով նրա տարածքների օկուպացումը` դրանից ելնելով Վրաստանը որոշում է ընդունել ԱՊՀ-ից դուրս գալու մասին»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաեւ, որ 2008թ. օգոստոսի 14-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է մի դրույթ, որի համաձայն դադարել են գործել 1991թ. դեկտեմբերի 8-ին ձեւակերպված «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, 1993թ. հունվարի 22-ին ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից հաստատված «Անկախ պետությունների համագործակցության կանոնադրությունը» եւ 1993թ. սեպտեմբերի 24-ի համաձայնագիրը «Տնտեսական միության ստեղծման մասին»:

2008թ. օգոստոսի 18-ին Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ուղերձով ԱՊՀ Գործադիր կոմիտեին տեղեկացրեց կազմակերպության կազմից դուրս գալու` երկրի խորհրդարանի որոշման մասին:

Վրաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՊՀ կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայն, երկրի պաշտոնական ելքը կազմակերպությունից տեւում է նամակով տեղեկացնելուց հետո 12 ամիս, համապատասխանաբար, օգոստոսի 18-ին ԱՊՀ-ից Վրաստանի ելքի պաշտոնական ընթացակարգն ավարտվել է:

«Դրա հետ մեկտեղ, 1969թ. «Համաձայնագրերի րավունքների մասին» Վիեննայի կոնվենցիայի համաձայն, Վրաստանի համար ուժի մեջ են մնում ԱՊՀ շրջանակներում ձեռք բերված, բայց կազմակերպության մեջ չմտնող երկրների վրա տարածվող մի շարք միջազգային համաձայնագրեր (ընդամենը` 75 համաձայնագիր), որոնց թվում է ԱՊՀ մասնակից երկրների միջեւ քաղաքացիների ոչ անցագրային հաղորդակցության մասին համաձայնագիրը, ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական իրավունքին իրավական օգնության մասին կոնվենցիաները, համաձայնագրեր իրավական հարաբերությունների մասին եւ այլն»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ Վրաստանը հաստատում է բարեկամության եւ փոխշահավետ համագործակցության, համընդհանուր ճանաչում ստացած սկզբունքների եւ միջազգային իրավունքի նորմերի, որոնց թվում` ինքնուրույնության եւ տարածքային ամբողջականության հարգանքի, ներքին գործերին չխառնվելու հիման վրա մասնակից երկրների հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու իր պատրաստակամությունը, հաղորդում է Գրուզիա Online-ը: