19 օգոստոսի 2009 - 18:30 AMT
Սերժ Սարգսյանը պետք է մեկնի Թուրքիա եւ իր թուրք գործընկերոջը մատնացույց անի իր սխալները
Հայկական եւ թուրքական կողմերի միջեւ Շվեյցարիայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիան խոստացել էր քայլ կատարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, մասնավորապես, բացել սահմանը, դրանով իսկ վերացնելով Հայաստանի շրջափակումը, բայց մինչ այժմ չի կատարել իր խոստումը: Ուստի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Նրա խոսքերով, անկախ Թուրքիայի դիրքորոշումից եւ այն բանից, կբացվի սահմանը թե ոչ, Սարգսյանը պետք է մեկնի ֆուտբոլային խաղին, եւ առիթից օգտվելով, Թուրքիայի նախագահին մատնացույց անի իր սխալները:

«Եթե հայ-թուրքական երկխոսությունը ձախողվի, ապա հետո ավելի բարդ կլինի այն վերսկսելը, քանի որ երկրների միջեւ ոչ մի հարաբերություն չկա: Բարդ կլինի երկխոսության վերսկսման համար նոր առիթ ստեղծելը: Մենք ինքներս դա անել չենք կարող», - ասել է Հակոբ Չաքրյանը:

ՀՀ նախագահ Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:

Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում: