19 օգոստոսի 2009 - 21:42 AMT
Իտալիան չի ցանկանում կախված լինել ո'չ Nabucco -ից, ո'չ էլ South Steam-ից
Իտալիայի կառավարությունը ջանքեր է գործադրում` որեւէ մեկ արտասահմանյան երկրից էներգակիրների մատակարարումից խուսափելու նպատակով` դիվերսիֆիկացնելով այդպիսի մատակարարումների աղբյուրները, հայտարարել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կլաուդիո Սկայոլան:

«Որեւէ մեկ երկրից, առավել եւս Ռուսաստանից, կախում երբեք չի լինի: Այդ մասին վկայում են մեր նախագծերը», - ասել է նա` պատասխանելով Nabucco գազատարին այլընտրանք հանդիսացող South Steam նախագծին Իտալիայի ակտիվ մասնակցության մասին հարցին, ինչը «հարուցում է ԱՄՆ-ի եւ ԵՄ մի շարք երկրների լուրջ մտահոգությունը»:

Սկայոլան ընդգծել է, որ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով Իտալիայի իշխանություններն աշխատում են էներգակիրների մատակարարումների աղբյուրների դիվերսիֆիկացման ուղղությամբ: «Մենք արդեն համաձայնագիր ենք ստորագրել Ալժիրի հետ, որը կհանգեցնի նրան, որ մենք ավելի շատ ալժիրյան, քան ռուսական գազ կներմուծենք: 2010 թվականին մենք կմեծացնենք Լիբիայից ներմուծման ծավալները», - պատմել է նախարարը:

Սկայոլան հատկապես առանձնացրել է ITGI գազատարի նախագծի իրականացման ուղղությամբ կատարվող աշխատանքը: Գազատարն Ադրբեջանն ուղղակիորեն կկապի Իտալիային` անցնելով Թուրքիայի եւ Հունաստանի տարածքով: «Այդ նախագծի ուղղությամբ մենք արդեն չորս տարի է աշխատում ենք, եւ այն առավել մեծ առաջընթացի է հասել, քան South Steam-ն ու Nabucco-ն: Զուր չէ, որ Եվրոպական հանձնաժողովը վերջինիս համար 100 մլն եվրո գումար է հատկացրել: Հոկտեմբերին մենք Ստամբուլում հանդիպում կանցկացնենք` բոլոր չորս շահագրգռված երկրների հետ բանակցություններն ավարտելու նպատակով», -ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք South Steam-ն ավելորդ չէ Իտալիայի կողմից իրականացվող այլ էներգանախագծերի առատության պայմաններում, Սկայոլան նշել է, որ «մեկը մյուսին չի բացառում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Ստամպա» (La Stampa) թերթը: