Հայաստանի կառավարությունը լրջորեն ձեռնամուխ է եղել երշիկի խնդրի լուծմանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հնդկաստանի Հանրապետությունում մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու եւ վերամշակման գործընթացին ծանոթանալու արդյունքներին:



Խորհրդակցությանը զեկույցով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Վահանյանը: Նա նշել է, որ Հայաստանից Հնդկաստան մեկնած պատվիրակությունն օգոսոտոսի 2-ից 9-ը այցելել է տեղի մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններ, որտեղ բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միս են ձեռք բերել ոչ վերահսկելի տարածքներից: Մսամթերքը տեղափոխվել է սանիտարահիգիենիկ չափանիշներից զուրկ ավտոմեքենաներով։ Հնդկաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում գոմեշի միս, որն օգտագործվում է երշիկի արտադրության մեջ: Պատվիրակության ղեկավարը նշել է, որ խումբը եղել է նաեւ այնպիսի ընկերություններում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, եւ որ մսի ներկրումը պետք է ապահովել պետական լուրջ հսկողության ենթարկվող ձեռնարկություններից:



Քննարկման ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստան պետք է միս ներմուծվի այն ընկերություններից, որոնք ունեն 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սեփական սպանդանոց, ինչպես նաեւ որակական չափանիշները հաստատող սերտիֆիկատ: Հնդկասատանում այդ չափանիշներին համապատասխանում են 17 ընկերություններ, որոնք մսի շուկայի 85 տոկոսն են ապահովում: Մինչդեռ ներմուծված մսի 21 տոկոսն է միայն ձեռք բերվել վերը նշված չափանիշներին համապատասխանող ընկերություններից:



Վարչապետի խոսքով, ՀՀ պետեկամուտների կոմիտեի ուսումնասիրություններից պարզվել է, որ տեղի է ունեցել կեղծարարություն, այսինքն` Հայաստան միս ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել այն ձեռնարկություններից, որոնք համապատասխան սերտիֆիկատ չունեն, իսկ մաքսային փաստաթղթերում ձեւակերպել են այն ընկերության անունը, որն ունի սերտիֆիկատ: «Մեր նպատակն է նվազեցնել այդ ոլորտում ռիսկերը եւ դրանք մեզ համար դարձնել հասկանալի եւ կանխատեսելի։ Շատ երկրներ արգելում են Հնդկաստանից մսի ներմուծումը` հաշվի առնելով մսի որակական հատկանիշները եւ այն, որ այդ ռիսկերը կառավարելի չեն: Մենք պետք է պատշաճ մակարդակ ունեցող ձեռնարկություններից միս ներկրենք, պետք է լինենք շատ կոշտ եւ սկզբունքային այս հարցում եւ մինչեւ վերջ մեր սկզբունքները պետք է պահպանենք։ Միայն համպատասխան սերտիֆակացված միսը մենք կարող ենք թույլ տալ ներմուծել Հայաստան, որպեսզի վստահ լինենք, որ մեր բնակիչներին, ազգաբնակչությանը որեւէ ռիսկ չի սպառնում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:



ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը հանրապետություն ներմուծվող մսամթերքի նկատմամբ, ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ օպերատիվ աշխատանքներ իրականացնել ներմուծվող ընկերությունների կողմից աղաղակող թերությունները բացառելու նպատակով:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---