20 օգոստոսի 2009 - 14:49 AMT
Բաքվում Արշակյան քույրերի օգտին Ադրբեջանում քվեարկածների հետապնդման մեջ «հայկական հետք ե՞ն տեսնում»
««Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված հարցի ուռճացմամբ չափազանց շահագրգռված են տարբեր շրջանակներ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

«Ես չգիտեմ, թե այդ հարցի քննությամբ ով է զբաղվում: Սակայն, սկզբունքորեն, ես նույնպես հետաքրքվեցի եւ տեսա, որ տվյալ հարցը, որոշակի իմաստով, ուռճացվում է ինչ-որ շահագրգռված կողմի ջանքերով: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հետ կապված այլ հարցերի պես, տվյալ հարցում պարզապես ինչ-որ մեկի համար պայմաններ են ստեղծել ինչ-որ քարոզարշավ իրականացնելու համար: Անշուշտ նման հարցերին հարկ է շատ ուշադիր մոտեցում ցուցաբերել: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանում դա վերածվել է բիզնեսի, ընդդիմադիր մտածողությամբ որոշ ներկայացուցիչներ իրենց նպատակին հասնելու եւ որոշակի արեւմտյան շրջանակներին ինչ-որ կերպ գոհացնելու համար, չեն ամաչում ցանկացած եղանակով Ադրբեջանին նվաստացնելուց` զբաղվելով քաղաքական շահարկումներով: Ըստ երեւույթին, այդ գործընթացը կարող է լավ դիվիդենդ տալ, քանի որ նման դեպքերը վերջին ժամանակներս երբեմն-երբեմն դիտարկվում են», - ասել է Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին նախկինում հաղորդել էր Հայաստանի Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի հատուկ նախագծերի գծով խորհրդական Դիանա Մնացականյանը, քվեարկողների համարներն իմանալու համար անհրաժեշտ է պաշտոնական փաստաթուղթ, որը տրվում է Եվրոպական հեռարձակման միության եւ ձայների հաշվառման համար պատասխանատու Digama ընկերության գիտությամբ: Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հեռախոսահամարների գաղտազերծման թույլտվություն կարող է տրվել այդ քաղաքացիների նկատմամբ քրեական գործի հարուցման դեպքում:

«Ադրբեջանի կառավարության գործողությունները մեկնաբանելը ծիծաղելի է: Հայաստանում 1065 SMS ուղղարկվել է ադրբեջանցի երգիչների կատարած երգի օգտին, եւ ոչ մեկի մտքով չի անցել դրանց ուղարկողներին կանչել պետանվտանգության ծառայություն», - նշել է Դիանա Մնացականյանը:

Նախորդ շաբաթ Ադրբեջանական մամուլում տեղեկություն էր ստացվել այն մասին, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է կանչել Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին քվեարկած 43 քաղաքացու: