20 օգոստոսի 2009 - 19:54 AMT
Հայաստանում կստեղծվի մասնագիտացված մաքսատուն
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստին, որը վարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշում է ընդունվել վարչապետի նախկին երկու որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, իսկ երրորդ որոշմամբ ստեղծել ՀՀ ԿԱ ՊԵԿ միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն:

Մաքսատան գործունեության ոլորտն ընդգրկում է միջազգային փոստով եւ սուրհանդակային առաքմամբ փոխադրվող բոլոր ապրանքները: Այդ մաքսատան գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, այդ որոշման ընդունումը պայմանավորված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացող էլեկտրոնային առեւտրի ծավալմամբ, մինչդեռ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն:

Հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաեւ այլ երկրներում, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում: