20 օգոստոսի 2009 - 21:18 AMT
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա
Այսօր կայացած ՀՀ կառավարության նիստին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ էներգետիկ համակարգի ֆինանսական կայունության խնդիրներին:

Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Առաջարկում եմ մի արձանագրային որոշում ընդունենք էներգետիկայի համակարգի ֆինանսական կայունությունն ապահովելու նպատակով: Որպեսզի թույլ չտանք նաեւ վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագնի աճ, անհրաժեշտություն կա, որպեսզի էներգետիկ համակարգում առաջացող ֆինանսական ճեղքվածքները փակվեն այս ոլորտում աշխատող պետական ձեռնարկությունների հաշվին, մասնավորապես Որոտանի ՀԷԿ-ի, Երեւանի ՋԷԿ-ի առաքվող էլեկտրական էներգիայի հզորությունների եւ բարձրավոլտ էլեկտրացանցերի կողմից էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված շահույթի եւ մաշվածության, ինչպես նաեւ Հայկական ատոմակայանի առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկում ներառված հատուկ ֆոնդերի եւ որոշ ծախսային հոդվածների նվազման հաշվին»:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ է արել ընդունել այդ արձանագրային որոշումը եւ աշխատել այս ուղղությամբ` ապահովելով երկրի ֆինանսական կայունությունը: