20 օգոստոսի 2009 - 21:44 AMT
Հայաստանում բացվել է որսի աշնանային սեզոնը
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարգադրություն է ստորագրել որսի աշնանային սեզոնի մեկնարկի մասին: Օգոստոսի 19-ին ստորագրված կարգադրության համաձայն, թույլատրվում է Կարմիր գրքի մեջ չմտնող կենդանիների ու թռչունների որոշակի քանակի որսը:

«Հայաստանում գրանցված է մոտ 26 000 որսորդ, որոնք իրավունք ունեն որս անելու ՀՀ տարածքի (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքների) որսահանդակներում, ինչպես նաեւ բնակավայրերից հեռու: Իհարկե, Կարմիր գրքի մեջ ընդգրկված կենդանիների ու թռչունների որսը կտրականապես արգելված է»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Բնապահպանության եւ շրջակա միջավայրի հսկողության նախարարությանն առընթեր շրջակա միջավայրի պաշտպանության բաժնի պետի տեղակալ Կարեն Պապոյանը:

Հրամանագրի համաձայն, օգոստոսի 22-հոկտեմբերի 31 թույլատրվում է լորի - 30000 հատ, (15 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ); աղավնիների (թխակապույտ եւ անտառային, տատրակ) - 2000 հատ, 2009 թ. օգոստոսի 22-ից 2009 թ. հունվարի 31-ը (3 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ); կտցարների (բացառությամբ կտցար կաչաղակի, ոտնացուպիկի, բզակտուցի, ճախրուկի) - մինչեւ 2000 հատ, 2009 թ. օգոստոսի 22 - ից 2009 թ. հոկտեմբերի 31- ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ); ջրլողթռչունների` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկների (փառփար, եղեգնահավ) - մինչեւ 10000 հատ, 2009 թ. սեպտեմբերի 15-ից 2010 թ. փետրվարի 28 - ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ); նապաստակի - մինչեւ- 500 հատ, 2009 թ. նոյեմբերի 1-ից 2009թ. հունվարի 31-ը (2 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ); քարակաքավի` մինչեւ- 3000 հատ` 2009 թ. նոյեմբերի 1-ից 2009թ. դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ); աղվեսի - մինչեւ 2000 հատ, 2009 թ. նոյեմբերի 15-ից 2010 թ. փետրվարի 28-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ); գայլ, շնագայլ, կաչաղակ, մոխրագույն ագռավ - 2009 թ. օգոստոսի 22 - ից 2010 թ. փետրվարի 28 - ը:

Սեզոնային որսը թույլատրվում է Խոսրով, Շիկահող, Էրեբունի պետական արգելոցների, Դիլիջանի, Սեւանի եւ Արփի լճի հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաեւ 20 այլ արգելոցների տարածքներից դուրս: