21 օգոստոսի 2009 - 12:06 AMT
ՈՒԵՖԱ Գավաթում «Էրեբունու» ճակատագիրը կորոշվի խմբային փուլի ամփոփիչ տուրում
Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Էրեբունին» ՈՒԵՖԱ Գավաթի նախնական ռաունդի երկրորդ խմբային հանդիպումը ոչ ոքի է ավարտել Իսրայելի «ԱՍԱ» ակումբի հետ: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով: Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ առաջին հանդիպումների ժամանակ հաղթանակ են տարել: «Էրեբունին» 3:2 հաշվով պարտության մատնեց ավստրիական «Օլսթարզ» ակումբին, իսկ «ԱՍԱ»-ն 5:2 հաշվով առավելության հասավ իսլանդական «Հվոտի» նկատմամբ:

Հանդիպման սկիզբը հայկական ակումբի համար անհաջող էր: Արդեն երրորդ րոպեին իսրայելական ակումբը 2:0 հաշվով հաղթում էր: Երկրորդ գոլի հեղինակ դարձավ Լի Գոլդբերգը:

Առաջին խաղակեսի երկրորդ մասում հայ ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Սկզբում 12-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց Արամ Կոսայանը, իսկ երեք րոպե անց երկրորդ գոլը հարվածեց Հակոբ Ուզունյանը: 34-րդ րոպեին Յեգուդա Ցիսմանի ջանքերով «ԱՍԱ»-ն կրկին առաջ ընկավ, սակայն Հայաստանի չեմպիոնը շատ շուտով վերականգնեց հավասարությունը: 35-րդ րոպեին պատասխան գոլ հարվածեց Արմեն Գյուլամբարյանը` դրանով իսկ իր հաշվին գրանցելով երրորդ գոլը ՈՒԵՖԱ Գավաթում («Օլսթարզի» հետ հանդիպմանը Գյուլամբարյանը երկու գոլի հեղինակ էր դարձել): Հաշիվը մինչեւ ավարտի սուլիչի հնչելն այլեւս չփոխվեց:

Այդպիսով, «Էրեբունին» եւ «ԱՍԱ»-ն երկու հանդիպումներից հետո 4-ական միավոր ունեն, սակայն Իսրայելի ակումբը հարվածած եւ բաց թողած գնդակների ավելին լավ տարբերության շնորհիվ «Էրեբունի» առաջ է եւ գլխավորում է մրցաշարային սանդղակը:

F խմբի մյուս մրցավեճում ավստրիական «Օլլ Սթարզը» 5:4 հաշվով առավելության հասավ իսլանդական «Հվոտի» նկատմամբ:

Օգոստոսի 22-ին` խմբային փուլի ամփոփիչ երրորդ տուրում «Էրեբունին» կմրցի «Հվոտի» հետ, իսկ «ԱՍԱ»-ն ուժերը կչափի առաջնության տանուտերերի` «Օլսթարզի» հետ:

Հաջորդ փուլ դուրս գալու համար հայ ֆուտբոլիստները պետք է «Հվոտին» խոշոր հաշվով պարտության մատնեն: Թեեւ ավստրիական եւ իսրայելական ակումբների հանդիպման ոչ ոքի արդյունքի դեպքում «Էրեբունիի» համար բավական է պարզապես հաղթել: Բայց նման տարբերակը քիչ հավանական է: