21 օգոստոսի 2009 - 20:01 AMT
ANCA. Հայաստանի վերաբերյալ որոշումները ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի թելադրանքով
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնին նամակ է հղել, որում հայ համայնքի անհանգստությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունների առիթով: Նամակում, մասնավորապես, նշվում են Մեթյու Բրայզայի վերջին անարդար եւ ապակառուցողական հայտարարությունները, որոնք արտացոլում են ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը, որն էլ, արդեն խախտելով Ամերիկայի հայերին տված մի շարք խոստումներ, շատ արդյունավետ կերպով հայկական հարցերի վերաբերյալ ԱՄՆ քաղաքականությունը որոշելու իրավունքը փոխանցում է Թուրքիային:

«Այսօր` Բարակ Օբամայի եւ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի աշխատանքի մեկնարկից յոթ ամիս անց, մենք լրջորեն անհանգստացած ենք նրանով, որ այդ վարչակազմն ուրանում է իր պարտականություններին` հայկական հարցին առնչվող ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հանձնելով Թուրքիային, քանի որ Հայաստանի վերաբերյալ բոլոր քաղաքական որոշումներն ընդունվում են Թուրքիայի թելադրանքով` արհամարելով բարոյականության ու ժողովրդավարության սկզբունքները, որոնց մասին Բարակ Օբաման եւ Ջոզեֆ Բայդենը բազմիցս հայտարարել են անցյալ տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ»,- ասվում է Քեն Խաչիկյանի նամակում: