23 օգոստոսի 2009 - 13:40 AMT
Երեւանում կայացավ միջազգային մարտարվեստի մրցախաղ` նվիրված Բրյուս Լիի հիշատակին
Օգոստոսի 21-ին Երեւանի «Դինամո» մարզահամալիրում կայացավ միջազգային մարտարվեստի մրցախաղ` նվիրված մարտարվեստի լեգենդար վարպետ եւ դերասան Բրյուս Լիին: Մրցախաղին մասնակցում էին մարզիկներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ Իրանից:

Մրցախաղի կազմակերպիչն էր Հայաստանում գտնվող Ջիտ Կուն Դո Ֆեդերացիան` Ֆեդերացիայի նախագահ Արտուշ Խանդոյանի գլխավորությամբ: Վերջինս PanARMENIAN.Net -ի թղթակցին պատմեց մրցախաղի կազմակերպան գաղափարի մասին եւ բացատրեց, թե ինչ պատճառով չժամանեցին սպասվող պատվիրակությունները Շրի-Լանկայից, Նիգերիայից եւ Հնդկաստանից:

«Քանի որ հուլիսի 20-ը Բրյուս Լիի մահվան օրն է, մենք սկսած 2004թ-ից այդ օրը նրա հիշատակի համար կազմակերպում ենք միջազգային մրցախաղ: Սակայն այս տարի երկրները, որոնց մարզիկները պետք է մասնակցեին, խնդրեցին տեղափեխել մրցախաղը, քանի որ նրանց հարմար չէր ժամանել հուլիսին: Մենք հրավերներ ուղարկեցինք Նիգերիայի մարտարվեստի Ակադեմիա, Շրի-Լանկայի կունգ-ֆուի Ակադեմիա, Հնդկաստանի եւ Իրանի շոտոկան-կարատե Միությանը: Բայց Երեւան ժամանեցին միայն իրանական մարտիկները: Շրի-Լանկան հրաժարվեց մասնակցությունից, իսկ Նիգերիայի եւ Հնդկաստանի մոտ խնդիրներ առաջացան` կապված վիզաների հետ», - ասաց Խանդոյանը:

Մրցախաղում ներկայացված են տարբեր մարտարվեստներ, նաեւ Ջիդ Կուն Դո ոճը` հիմնադրված Բրյուս Լիի կողմից: Հայաստանից առաջնությանը մասնակցում էին 84, իսկ Իրանից 13 մարզիկ: Հայ մարտիկները ներկայացրեցին 9 մարտարվեստական ոճ:

Խանդոյանի խոսքերով, այս մրցախաղը կարեւոր է նաեւ տարբեր երկրների Ֆեդերացիաների համագործակցության տեսակետից:

«Ֆինանսական դժվարությունների պատճառով մենք այնքան էլ հաճախ չենք մասնակցում միջազգային մրցախաղերին: Եվ այս առումով այսպիսի միջոցառումները, որոնք կազմակերպվում են Երեւանում տարին 1-2 անգամ, մեզ համար շատ մեծ կարեւորություն ունեն: