22 ապրիլի 2002 - 19:00 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼՈՒՄ ԿԱՋԱԿՑԵՆ ԺԱԿ ՇԻՐԱԿԻՆ
Կիրակի օրը Ֆրանսիայում կայացել է նախագահական ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով, նախընտրական արշավը գլխավորում է երկրի ներկայիս նախագահ Ժակ Շիրակը: Մեկնաբանների կանխատեսումներով, նրա գլխավոր մրցակիցը պետք է դառնար վարչապետ Լեոնել Ժոսպենը: Սակայն, անսպասելիորեն, երկրորդ տեղ դուրս եկավ աջ ծայրահեղական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, 74-ամյա Ժան-Մարի Լե Պենը, որին կողմ են քվեարկել են ընտրողների 17 տոկոսը: (Շիրակը հավաքել է ձայների համարյա 20 տոկոսը): 16,3 տոկոս ձայներ հավաքած Ժոսպենը դուրս է մնացել նախընտրական արշավից: Այսպիսով, ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա մայիսի հինգին, որպես մրցակիցներ հանդես կգան Շիրակը եւ Լե Պենը: Նշենք, որ Ֆրանսիայի հայ համայնքը աջակցում է գործող նախագահին: Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլի նախօրեին երկրի հայ համայնքի կազմակերպությունները դիմել են երկու հիմնական թեկնածուներին հարցերով` ինչպե՞ս են նրանք վերաբերվում հայոց ցեղասպանության փաստի ժխտման փորձերին եւ Հայաստանի հանդեպ Թուրքիայի շրջափակմանը: Պատասխան նամակում Ժակ Շիրակը նշել է, որ «ցեղասպանության փաստը անվիճելի է»: «Խոսքը գնում է անցյալ դարի ամնահրեշավոր հանցագործություններից մեկի մասին, եւ պատմության վերաքննությունն անընդունելի է: Այդ պատճառով, հաշտության կարելի է հասնել միայն հիմնվելով փաստերին», ընդգծել է նախագահը: Հայաստանի շրջափակմանն անդրադառնալով, Շիրակը նշել է, որ այդ փաստը Եվրոպայում լուրջ անհանգստության տեղիք է տալիս: Նրա խոսքերով` շրջափակումը խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի զարգացմանը: Նախագահը հավաստիացրել է, որ կշարունակի ջանալ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: