24 օգոստոսի 2009 - 15:10 AMT
16 տարի առաջ ԼՂՀ պաշտպանության բանակն ազատագրել է Դիզակ պատմական մարզի մի շարք շրջաններ
16 տարի է անցել ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից պատմական Արցախի Դիզակ մարզի ազատագրման օրվանից: Օգոստոսի 23-ին ԼՂՀ պաշտպանության բանակը, հակառակորդի կրակակետերի լռեցման եւ հարավային շրջանների բնակիչների անվտանգության ապահովման նպատակով, կարողացավ կանգնեցնել ադրբեջանական բանակի հարձակումը եւ իր հսկողության տակ վերցրեց Ֆիզուլինի եւ Ջեբրաիլի շրջանները:

Լեռնային Ղարաբաղի պատմական եւ աշխարհագրական մակերեսը կազմում է 14 հազար քառակուսի կիլոմետր եւ ընդգրկում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը, Լաչին-Քելբաջարի շրջանը, այլեւ նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի Խանլարի, Շամխորի, Քեդաբեկի, Բարդինի, Աղդամի, Ֆիզուլինի, Ջեբրաիլի, Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների զգալի տարածքները:

Ջեբրաիլի շրջանը պատմական Արցախի Դիզակ մարզի մի մասն է: Մինչեւ XX դարի սկիզբը հողագործներ եղել են հայերը, իսկ եկվոր թուրքական ցեղերը վարում էին քոչվոր ապրելակերպ: «Երկրագործներ էին հայերն ու մալականները` վերաբնակիչներ Ռուսաստանից: Թաթար բնակչությունը գրեթե բոլորը քոչվոր էին», - վկայում է «Թիֆլիսկիյ լիստոկ» թերթը (համար 139, էջ 2): Այդ շրջանում է գտնվում IV-VII դարերի Թումասաբերդ ամրոցը, VII -XIII դարերի Խուդաֆերինի կամուրջը Արաքսի վրայով:

Ֆիզուլինի շրջանը նույնպես պատմական Արցախի Դիզակ մարզի մի մասն է: Վերջին հայկական Հողեր գյուղը 1980-ական թթ. սկզբին զրկվել էր իր բուն բնակչությունից:

Լեռնային Ղարաբաղի հարավային մասում եւ Լաչին-Քելբաջարի շրջանում կա ավելի քան 1600 հայկական հուշարձան, որոնցից առաջինները անտիկ դարաշրջանին են պատկանում, եւ հայկական մշակույթին չվերաբերող շուրջ 80 հուշարձան` սկսած XIX դարից: Այս շրջանում փաստացի ոչ մի մզկիթ չկա: