24 օգոստոսի 2009 - 18:53 AMT
ԱՄՆ դատական համակարգը փորձեց քաղաքականացնել Հայոց ցեղասպանության հարցը
Չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելը Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին արգելող ԱՄՆ բողոքարկման դաշնային դատարանի որոշումը կարելի է դիտարկել որպես Հայոց ցեղասպանության հարցը քաղաքականացնելու` Միացյալ Նահանգների դատական համակարգի փորձ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: «Դեռեւս դժվար է ասել, թե արդյոք դա հատուկ է արվել, բայց պարզ է մի բան, որ այստեղ կարեւոր դեր է խաղացել ԱՄՆ թուրքական լոբբին, որը գնալով ավելի է ուժեղացնում իր հակահայկական քարոզչությունը»,- նկատել է թուրքագետը:

Նրա խոսքով, նման որոշում ընդունելուց հետո ԱՄՆ հայկական կազմակերպություններն ու հայ համայնքը պետք է կոնկրետ եւ կտրուկ քայլեր ձեռնարկեն, որպեսզի չեղյալ հայտարարեն ամերիկյան դատարանի այդ որոշումը: «Եթե ԱՄՆ վարչակազմն ու Կոնգրեսը պաշտոնապես չեն ճանաչել Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանությունը, ապա դա դեռեւս չի նշանակում, որ Ամերիկայի հասարակությունն ու ակադեմիական շրջանակները համաձայն են այդ դիրքորոշման հետ: Ես լավ գիտեմ, որ ամերիկյան պատմաբանները բազմիցս ճանաչել եւ դատապարտել են XX դարի առաջին ցեղասպանությունը»,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:

Օրերս ԱՄՆ բողոքարկման դաշնային դատարանը նախօրեին ընդունել է մի որոշում, որն արգելում է Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

երկու տարի առաջ Շրջանի դատարանի դատավոր Կրիստինա Սնայդերը Կալիֆոռնիայի օրենսդրության հիման վրա ընդունվեց որոշում, որը Հայոց ցեղասպանության հետնորդներին իրավունք տվեց հայց ներկայացնել երեք գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ: Սակայն օգոստոսի 20-ին այդ որոշումը չեղյալ հայտարարվեց: