25 օգոստոսի 2009 - 16:17 AMT
Հայաստանը Ղարաբաղը չի զոհաբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
Եթե Թուրքիան նորից փորձի բարձրացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման նախապայման, ապա Հայաստանը ցանկացած պահի կարող է կանգնեցնել Երեւանի եւ Անկարայի միջեւ տեղի ունեցող գործընթացը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին եւ մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջի վերջերս արված հայտարարությունը, ասել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Եթե Անկարան այդպիսի քայլ անի, ապա հայկական կողմը բոլոր հիմքերն ունի կանգնեցնելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայկական կողմին այդ հիմքը տվել է միջազգային հանրությունը եւ գերտերությունները, որոնք բազմիցս հայտարարել էին այն մասին, որ չի կարելի ղարաբաղյան հարցը կապել հայ-թուրքական հարաբերությունների կանոնացման հետ», - նշել է հայ փորձագետը:

Կարեն Բեքարյանի խոսքերով, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկիր չէ, եւ, հետեւաբար, այդ հարցը նրան չի վերաբերում: Բացի դրանից, փորձագետը նշել է, որ եթե Թուրքիան այդքան մտահոգվում է ադրբեջանցի փախստականների ճակատագրով, ապա նրան հարկ է հիշել այն փաստի մասին, որ դարերի ընթացքում Թուրքիան եղել է փախստականների հսկայական թիվ ունեցող մի երկիր: «Մենք բազմիցս նկատել ենք, որ երբ Թուրքիան միջամտում է այդ գործընթացին եւ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ է կատարում, հակամարտության կարգավորման գործընթացն առավել կոշտ է դառնում: Թուրքիան երկար տարիների ընթացքում «մեկ ազգ, երկու պետություն» քաղաքականության պատանդն է», - ընդգծել է Բեքարյանը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանը երբեք Ղարաբաղը չի զոհաբերի սահմանի բացմանն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

«Հայաստանի ոչ մի ղեկավարություն բանակցություններ չի վարի Թուրքիայի հետ ղարաբաղյան հակամարտության շուրջ: Այժմ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում դադար է նկատվում, որը համընկել է հայ-թուրքական գործընթացում առկա դադարի հետ: Սակայն ես չեմ բացառում, որ Ղարաբաղի գծով միջնորդները կանխամտածված են դադար ստեղծել` երկու գործընթացների միջեւ ցանկացած կապը բացառելու նպատակով: Արեւմուտքը համաձայնության է եկել, որ ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապվեն միմյանց հետ», - հայտարարել է փորձագետը:

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քիլիջը, տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առաջխաղացումների դեպքում առաջընթաց կունենան նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: «Այժմ, հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացի բացակայության հետեւանքով ընդմիջվել է նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սակայն առաջիկայում կարող են առաջխաղացումներ լինել հայ-թուրքական հարաբերություններում: Դա կապված է Լեռնային Ղարաբաղի հետ», - նշել է թուրք դիվանագետը: