25 օգոստոսի 2009 - 18:02 AMT
Վաղ, թե ուշ Ադրբեջանը ստիպված կլինի երկխոսություն վարել ԼՂՀ հետ
ԼՂՀ-ն որպես ղարաբաղյան հակամարտության կողմ ճանաչելու` Բաքվի չկամությունը կարելի է բացատրել օբյեկտիվ իրականությունը հաշվի առնելով խնդիրը լուծելու` նրա պատրաստ չլինելով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության Հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վարչակազմի ներկայացուցչի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության երրորդ կողմի բացակայության մասին:

«ԼՂՀ կարգավիճակը` որպես հակամարտության կողմ, ճանաչվել եւ արձանագրվել է ԵԱՀԿ փաստաթղթերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւերում»,- նշել է Մասիս Մայիլյանը: Փորձագետի խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ, պաշտպանության նախարարության եւ խորհրդարանի արխիվներում կարելի է գտնել Համատեղ քոմյունիքեն, որն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից, ԼՂՀ եւ Ադրբեջանի պաշտպանության գեչատեսչությունների ղեկավարների նամակագրությունը, ինչպես նաեւ այլ հետաքրքիր փաստաթղթեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ն որպես հակամարտության եւ երկկողմ (առանց Հայաստանի) բանակցությունների կողմ ճանաչելու մասին:

«Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը ծանոթ է այդ փաստաթղթերի հետ: Վաղ, թե ուշ Ադրբեջանը ստիպված կլինի երկխոսություն վարել եւ քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել բոոր հարեւան երկրների, ներառյալ ԼՂՀ հետ: Չեմ կարծում, որ դա տեղի կունենա 100 տարի հետո»,- ամփոփել է Մ.Մայիլյանը:

Ադրբեջանի նախագահի վարչակազմի տեղեկատվական ապահովման ու քաղաքական վերլուծության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը նախօրեին, մեկնաբանելով հայկական կողմի հայտարարությունը բանակցային գործընթացի մեջ ղարաբաղյան կողմի ներգրավման անհրաժեշտության մասին, հայտնեց, որ «հակամարտության ոչ մի երրորդ կողմ գոյություն չունի»: Ասլանովի խոսքով, «միայն Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցությունների սեղանի շուրջ լուծել ղարաբաղյան հակամարտությունը»: