25 օգոստոսի 2009 - 18:36 AMT
«Արարատբանկը» ձեռք է բերել «Իզմիրլյան-Եվրասիա» ՍՊԸ բաժնետոմսերի 100%
Այսօր «Արարատբանկի» կենտրոնական գրասենյակում ստորագրվեց «Արարատբանկի» կողմից «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ձեռքբերման պայմանագիրը: Արդյունքում, «Արարատբանկը» կդառնա «Իզմիրլյան-Եվրասիա ՈՒՎԿ» ՍՊԸ-ում միակ մասնակիցը:

Պայմանագիրը ստորագրեցին` «Արարատբանկի» կողմից, «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, շվեյցարական «Իզմիրլյան Հիմնադրամի» կողմից` Հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արա Համազասպյանը:Գործարքը «Արարատբանկի» առաջին լուրջ ներդրումն է այլ անձի կանոնադրական կապիտալում:

Ինչպես պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո կայացածմամուլիասուլիսում ասաց «Արարատբանկ» ԲԲԸվարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, «այս գործարքով «Արարատբանկը» 100 տոկոսանոց մասնակցություն է ունենում վարկային կազմակերպության կապիտալում` առավել ուժեղացնելով «Արարատբանկի» դիրքերը ֆինանսական շուկայում: Դրանից բացի, «Արարատբանկը» միաժամանակ ձեռք է բերում նոր հաճախորդներ»:

Ա. Օսիպյանը նշեց նաեւ, որ դեռեւս տարիներ առաջ լուրջ համագործակցություն է ձեւավորվել «Արարատբանկի» եւ շվեյցարական «Իզմիրլյան Հիմնադրամի» միջեւ: Այն հատկապես դրսեւորվել է փոքր ու միջին բիզնեսի վարկավորման բնագավառում: Ըստ Ա. Օսիպյանի, «Այս գործարքն ավելի մեծ թափ կհաղորդի վարկավորման գործընթացներին, վարկային կազմակերպությունը կիրականացնի ավելի խոշոր եւ ավելի մասշտաբային վարկավորման ծրագրեր եւ ավելի լուրջ ռեսուրսներով»:

«Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ընդհանուր ակտիվները կազմում են շուրջ 2.103,6 մլն դրամ, վարկային ներդրումները կազմում են 891.5 մլն դրամ, ընդհանուր կապիտալը կազմում է 2.097,1 մլն դրամ:

«Արարատբանկ» ԲԲԸկուտակային շահույթը 24.08.09 դրությամբ կազմում է 1287 մլն դրամ: «Արարատբանկ» ԲԲԸ ընդհանուր կապիտալը 24.08.09 դրությամբ կազմում է 7786 մլն դրամ:

Երեւանում եւ մարզերում«Արարատբանկն»ունի 27 մասնաճյուղ: