26 օգոստոսի 2009 - 16:12 AMT
Ղարաբաղի հարցը կարող է մտնել թուրքալեզու երկրների ԽՎ առաջին նստաշրջանի օրակարգի մեջ
«Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի (ԹԵԽՎ) առաջին նստաշրջանում, որը կկայանա սեպտեմբերին Բաքվում, հնարավոր է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քննարկում: Օրակարգն ու հարցերը, որոնք քննարկվելու են նստաշրջանում, որոշվում են ընդհանուր հավաքի առաջին նստին: Օրակարգում հնարավոր է նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներմուծումը»,- հաղորդել է պատգամավոր, ԹԵԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Նիզամի Ջաֆարովը:

Նիզամի Ջաֆարովի խոսքով, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը հրաժարվել են միանալ ԹԵԽՎ-ին: «Այդ երկրներից դեռեւս վերջնական պատասխան չի ստացվել: Առայժմ բանակցություններն ընթանում են չորս երկրների միջեւ: Հույս կա, որ Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, այնուամենայնիվ, կմիանան խմբին»,- ասել է պատգամավորը:

Թուրքալեզու երկրների խորհրդարանների ղեկավարների` անցյալ տարի Ստամբուլում կայացած նիստի շրջանակներում համաձայնություն ձեռք բերվեց Խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման մասին, որի մեջ մտան Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Թուրքիան: Մասնակցությունից հրաժարվել են Ուզբեկստանն ու Թուրքմենստանը:

ԹԵԽՎ առաջին նստաշրջանը սպասվում է սեպտեմբերի վերջին Բաքվում:

Ն.Ջաֆարովն ասել է, որ մոտ ժամանակներս կստեղծվի ԹԵԽՎ առընթեր Խորհրդարանական լրագրողների ընկերակցություն: «Եթե անգամ Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի խորհրդարանականները չմասնակցեն ԽՎ Բաքվի նստաշրջանին, միջոցառմանը կարող են հրավիրվել այդ երկրների խորհրդարանական լրագրողները: Ներկայումս մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը: