26 օգոստոսի 2009 - 16:52 AMT
Վրացական սահմանապահները յուրացնում են հայկական հողե՞րը
Վրացի սահմանապահները, որոնք անցել են հայկական Բավրա գյուղի (Շիրակի մարզ) սահմանը, գյուղացիներին չեն թողնում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել գյուղական համայնքի ղեկավար Կորյուն Սումբուլյանը: «Դեռեւս ընթացիկ տարվա մայիսին վրացական սահմանապահները անցան մեր գյուղի տարածք եւ գյուղացիներին թույլ չեն տալիս օգտագործել այդ տարածքները: Նրանց կողմից հսկվող տարածքը կազմում է մոտ 130 հա»,- հաղորդել է Սումբուլյանը: Նրա խոսքով, վրացի սահմանապահները հայտարարում են, թե դա Վրաստանի տարածքն է:

«Մենք դիմեցինք Հայաստանի ԱԳՆ եւ Տարածքային կառավարման նախարարություն: Այնտեղ մեզ ասացին, որ գյուղացիներն իրավունք ունեն այդ հողերի նկատմամբ եւ կարող են հանգիստ օգտագործել դրանք: Սակայն հայ սահմանապահներն ասում են, որ այդ տարածքը վիճելի է, հետեւաբար, գյուղացիներն իրավունք չունեն դրանք օգտագործելու»,- ճշտել է գյուղապետը: Ինչպես պատմել է Կորյուն Սումբուլյանը, գյուղացիներն այդ հողերի սեփականության թույլտվություն ունեն, սակայն վրացի սահմանապահները բոլորովին հաշվի չեն առնում այդ փաստաթղթերը: Նա հաղորդել է, որ վաղւ ինքը կհանդիպի ՀՀ փոխվարչապետի եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների հետ, որպեսզի պարզի ստեղծված իրադրությունը:

Հայաստանի ԱԳՆ-ում այդ միջադեպի առիթով ընդամենը հաղորդում են, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացված է այդ իրադարձությունների մասին եւ որ նման խնդիրները ծագում են այն հատվածներում, որտեղ հայ-վրացական սահմանը համաձայնեցված չէ: Հաղորդագրության համաձայն, ԱԳՆ-ն բանակցություններ է վարում այդ ուղղությամբ: