Զարգացման եվրասիական բանկը շահագրգռված է Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում ատոմային էլեկտրաէներգետիկայի ընդլայնումը հանրապետության տնտեսական կայուն աճի օպտիմալ ճանապարհն է, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Զարգացման եվրասիական բանկի տնտեսական վերլուծության բաժնի պետ, Վերլուծական վարչության պետի տեղակալ Եվգենի Վինոկուրովը : Նրա խոսքերով, ԶԵԱԲ-ը չի բացառում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ֆինանսավորմանն իր մասնակցությունը: «Բանկը մեծ նշանակություն է տալիս իր նոր մասնակից պետության էլեկտրաէներգետիկայի զարգացմանը, ենթադրելով, որ Հայաստանում ատոմային էլեկտրաէներգետիկայի ընդլայնումը հանրապետության տնտեսական կայուն աճի օպտիմալ ճանապարհն է», - ասել է նա:



Հայաստանը բանկի լիիրավ մասնակիցն է 2009 թվականի ապրիլից:



Ինչպես նշել է Վինոկուրովը, ԶԵԱԲ-ի առաքելությունը ոչ միայն իր մասնակից պետությունների կայուն տնտեսական աճի համար աշխատելն է, այլեւ նրանց տնտեսական ինտեգրմանը նպաստելն է: Այդ համատեքստում նա ավելացրել է, որ ԱԷԿ-ի կառուցման նախագիծը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում: «Ռուս կապալառուի կողմից նոր կայանի կառուցումը եւ ռուսական ու ղազախստանյան ծագումով միջուկային վառելիքի մատակարարումը կամրապնդի մեր երկրների փոխշահավետ տնտեսական կապերը, զգալիորեն կընդլայնի փոխադարձ առեւտուրն ու ներդրումները նրանց միջեւ», - նշել է պետի տեղակալը:



Դրա հետ մեկտեղ, ԶԵԱԲ-ի տնտեսական վերլուծության բաժնի պետը պարզաբանել է, որ նոր ԱԷԿ-ի կառուցումը կիրականացվի անվտանգության նորագույն տեխնոլոգիաների հիման վրա: «Մենք հավատարիմ ենք էկոլոգիական եւ տեխնիկական անվտանգության բարձր չափանիշներին», - հավաստիացրել է Վինոկուրովը:

Հայաստանը ծրագրում է մինչեւ 2016 թվականը նոր ատոմային էներգաբլոկ կառուցել 1200 Մեգավատ հզորությամբ: Նոր էներգաբլոկի շահագործման ժամկետը կկազմի 60 տարի, այն կհանդերձվի անվտանգության պասիվ համակարգերով, միջուկային վառելիքի վերալցարկման ժամկետը կկազմի նվազագույնը 18 ամիս:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---