27 օգոստոսի 2009 - 16:58 AMT
Երեւանում Կոստան Զարյանի հիշատակին հուշատախտակ է փակցվել
Օգոստոսի 27-ին Երեւանում` շենքի դիմերեսին, որտեղ ժամանակին բնակվել են գրող Կոստան Զարյանն ու նրա որդին` ճարտարապետ Արմեն Զարյանը, հանդիսավոր կերպով հուշատախտակ է փակցվել: Արարողությանը ներկա էին գրողի թոռ եւ ճարտարապետի որդի Արա Զարյանը, Հայաստանի Գրողների եւ ճարտարապետների միությունների նախագահներ Լեւոն Անանյանն ու Մկրտիչ Մինասյանը, Հայաստանի Ճարտարապետության թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը, Զարյանների ընտանիքի ընկերներն ու գործընկերները:

«Կոստան Զարյանը քսաներորդ դարի ակնառու հայ գրող, հրապարակախոս ու բանաստեղծ էր էր, նրա «Իսպանիա», «Ամերիկա» գրքերը արդիական են նաեւ այսօր, իսկ նրա որդին իր ճարտարապետական գիտական գործունեությամբ մեծ ավանդ է ներդրել Երեւանի քաղաքաշինության մեջ»,- ասել է Հայաստանի Ճարտարապետության թանգարանի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

Կոստան Զարյանը (1885-1969) ծնվել է արքայական բանակի գեներալ Խաչատուր Եղիազարյանցի ընտանիքում, հոր մահից հետո մանկանը խլել են մորից եւ դաստիարակության հանձնել ռուսական ընտանիք, որը բնակվում էր Բաքվում: 1905թ. ավարտելով Փարիզի լիցեյը` Կոստան Զարյանը բարձրագույն կրթություն ստանալու համար մեկնում է Բելգիա: Երիտասարդ գրողը միայն 25 տարեկանում է սկսել հայերեն ուսումնասիրել: 1919թ. հուլիսին Կոստան Զարյանը`որպես իտալական թերթերի հատուկ թղթակից, ուղեւորվում է Կովկաս եւ առաջին անգամ ժամանում Հայաստան: Կյանքի մեծ մասը գրողը բնակվել եւ ստեղծագործել է Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, սակայն 1961թ. ապրիլին Կոստան Զարյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի խորհրդով Հայաստան է այցելում, ծանոթանում երկրի ու մարդկանց հետ, շատ հանդիպումներ անցկացնում: Մեկ տարի անց նա ընտանիքով վերադառնում է Հայրենիք եւ հաստատվում Երեւանում: