28 օգոստոսի 2009 - 16:46 AMT
Երեւանում կկայանա Եվրոպայի Ընտրական իշխանությունների ընկերակցության 18-րդ համաժողովը
«Սեպտեմբերի 3-5 Երեւանում`Անի հյուրանոցում, կկայանա Եվրոպայի Ընտրական իշխանությունների ընկերակցության ամենամյա` 18-րդ համաժողովը, որի գլխավոր թեման է` «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ղեկավար Գարեգին Ազարյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահը նշել է, որ համաժողովին կմասնակցեն ավելի քան 150 ներկայացուցիչներ 28 երկրներից եւ զանազան միջազգային կազմակերպություններից, մասնավորապես, սահմանադրական դատարանների ղեկավարներն ու ԿԸՀ ներկայացուցիչները:

Նա նաեւ հաղորդել է, որ համաժողովի անցկացման ժամանակ կկազմակերպվի ընտրական սարքավորումների եւ ծառայությունների ցուցահանդես:

Համաժողովի կազմակերպիչներն են` ՀՀ ԿԸՀ, Եվրոպայի Ընտրական իշխանությունների ընկերակցությունը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայկական մասնաճյուղի աջակցությամբ:

Եվրոպայի Ընտրական իշխանությունների ընկերակցությունը հիմնադրվել է 1991թ., մշտական հիմքի վրա գործող քարտուղարություն-մարմնի նստավարը գտնվում է Բուդապեշտում (Հունգարիա): Ընկերակցությունում մեկ տարի նախագահում է այն երկրի ԿԸՀ նախագահը, որտեղ անցնելու է հերթական համաժողովը: