28 օգոստոսի 2009 - 18:54 AMT
Հայաստանը պետք է Թուրքիային մեղադրի երկկողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ
«Հայաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը ինչպիսին եղել է դարեր ի վեր, այնպիսին էլ մնացել է, այն ոչնչով չի փոխվել: Այսօր հայ-թուրքական հարաբերություններից ես ոչ մի դրական բան չեմ ակնկալում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով, թուրքական հասարակայնության մոտ 90% եւ ղեկավարությունը մինչ օրս դեմ են առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչի մասին վկայում են թուրքական վարչապետի հայտարարություններն ու Թուրքիայում թուրք ազգայնական ուժերի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման դեմ կազմակերպված ստորագրահավաքը Գյուլի` Հայաստան կատարած այցից հետո:

Նա նաեւ ընդգծել է, որ այժմ Թուրքիայում շովինիզմը նոր թափ է հավաքում ու այդ պայմաններում հնարավոր չէ անկեղծ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ:

Անդրադառնալով Հայաստանի նախագահի ուղեւորությանը Թուրքիա` Ռաֆիկ Պետրոսյանն ընդգծել է, որ այդ հարցը Սերժ Սարգսյանն ինքն է որոշելու, սակայն ՀՀԿ անդամների մեծամասնությունը գտնում է, որ ՀՀ նախագահը նման իրադրության մեջ Թուրքիա չի մեկնի պատասխան ֆուտբոլային հանդիպմանը, քանի որ երկկողմ բանակցությունների ժամանակ բարձրացված հարցերը մինչեւ հիմա լուծված չեն:

Պատգամավորի խոսքով, Թուրքիան խաբել է ոչ միայն Հայաստանին, այլեւ ԱՄՆ-ին, քանի որ սկզբում հայտարարեց առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, իսկ հետո սկսեց առաջադրել այդ նախապայմանները: «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան այդ քայլին գնաց հանուն այն բանի, որպեսզի ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ի իր ելույթում չօգտագործի «Ցեղասպանություն» բառը»,- հայտնել է Պետրոսյանը:

Պետրոսյանը նաեւ ավելացրել է, որ ներկայիս պայմաններում Հայաստանը պետք է Թուրքիային մեղադրի երկկողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, քանի որ ֆուտբոլային հանդիպմանը մեկնելուց Սերժ Սարգսյանի հրաժարվելու դեպքում դա կանի Թուրքիան: