31 օգոստոսի 2009 - 22:58 AMT
Հասարակության մտավոր ներուժը Հայաստանի հզորության գրավականն է
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ: «Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, շնորհավորում եմսեպտեմբերի մեկի եւ գիտելիքի օրվա կապակցությամբ»,-ասվում է ուղերձում:
«Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար, որովհետեւ կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների հաջողությունը կախված է յուրաքանչյուրիս հետեւողական աշխատանքից ու նվիրումից:

Ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է մեր առաջին դասարանցիների համար: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում ու ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրս-որման ժամանակաշրջան: Յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:

Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաեւ որպես գիտելիքի օր, գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը: Այս համատեքստում շնորհավորում եմ ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմին: Մենք թեւակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Հասարակության մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը:

Կրկին շնորհավորելով բոլորիս գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նոր ուսումնական տարում հաջողություններ եւ ամենայն բարիք»,-ասվում է ուղերձում: