1 սեպտեմբերի 2009 - 20:53 AMT
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց «Բյուրակն» գիտակրթական համալիր
Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի, գրի եւ դպրության օրը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Երեւանի «Բյուրակն» գիտակրթական համալիր, ուր ուղեկցեց իր թոռնիկին` Զորիկին:

Հայաստանի խորհրդարանի նախագահը ողջույնի խոսքով հանդես եկավ առաջին դասարանցիներին գիտակրթական համալիրում ողջունելու հանդիսավոր արարողության ընթացքում: Նա մասնավորապես ասաց. «Ուզում եմ մեր բոլորի անունից շնորհավորել ձեզ Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա առթիվ: Իրոք, մեր ապագա սերունդը պետք է հասկանա, որ գիտելիքով է մեր երկիրը կայուն զարգանալու, կայանալու: Մեր ժողովրդի ամենահզոր զենքը` գիտելիքն է»:

Դիմելով «Բյուրակն»-ի մանկավարժական անձնակազմին` պարոն Աբրահամյանն ասաց. «Որպես իշխանություն, որպես պետություն մենք պետք է աջակցենք դպրոցի կայացմանը, որը շատ կարեւոր է: Մենք ձեր կողքին ենք եւ գտնում ենք, որ մեր երեխաների ապագան ամուր ձեռքերում է», հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետկապերի վարչությունը: