1 սեպտեմբերի 2009 - 21:36 AMT
Սերժ Սարգսյանը պետք է ժամանի Թուրքիա նույնիսկ, եթե սահմանը մինչ այդ չբացվի
Երեւանի եւ Անկարայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը հարաբերությունների հաստատման մասին եւ երկու Արձանագրությունները տեւական գաղտնի բանակցությունների արդյունք են, որոնք ընթացել են Շվեյցարիայի հովանու ներքո: Այս փաստաթղթերի լավագույն եւ կարեւորագույն մասն այն է, որ առաջին քայլը, որ պետք է արվի, սահմանի բացումն է երկու ամսվա ընթացքում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Սաբանչի համալսարանի փորձագետ, թուրքական TESEV կենտրոնի արտաքին քաղաքականության ծրագրերի ղեկավարի օգնական Այբարս Գորջուլուն: «Սրան մենք շատ երկար ենք սպասել, քանի որ սահմանի բացումը ամենաառանցքային քայլն է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-ասել է թուրք փորձագետը:

Ըստ Գորջուլուի, այժմ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական վերնախավերը պետք է համոզեն հանրությանն ու խորհրդարաններին ընդունել այս Արձանագրությունները: «Այս գործընթացը կարող է ավելի շատ ժամանակ պահանջել, քան երկու ամիսն է, սակայն Սերժ Սարգսյանը պետք է պատասխան ֆուտբոլային խաղի Թուրքիա ժամանի նույնիսկ այն դեպքում, եթե սահմանն մինչ այդ չբացվի: Նրա մերժումը կարող է սպառնալիքի տակ դնել ողջ գործընթացը եւ բոլոր ջանքերը, որ գործադրվել են այս ընթացքում»,-ասել է թուրք փորձագետը: