1 սեպտեմբերի 2009 - 22:06 AMT
Հայ-թուրքական հարաբերությունները վտանգում են հայ ազգի գոյությունը
«Հայ կամավորականների միություն» ազգային - քաղաքական նախաձեռնությունն իր տարածած հայտարարության մեջ նշում է, որ հայ-թուրքական հարաբերությունները արեւմուտքի ակտիվ մասնակցությամբ թեւակոխել են որակապես նոր փուլ` փոխելով ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում եւ վտանգի ենթարկելով հայ ժողովրդի գոյությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ փաստաթղթերի հրապարակումը ԼՂՀ անկախության տարելիցի օրից երկու օր առաջ եւ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումը Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից 2009թ.-ի ապրիլի 22-ին հանդիսանում է նոր մարտահրավեր, որն ուղղված է համայն աշխարհի հայության դեմ:

«Հայ կամավորականների միությունը» գտնում է, որ արձանագրությունների հրապարակումը վկայում է նրա մասին, որ «Հայկական հարցը» լուծվելու է հօգուտ Թուրքիայի, մասնավորապես փաստաթղթում կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանը հաստատելով դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ կճանաչի նրա ներկա բաժանարար գիծը որպես սահման եւ դրանով իսկ կհրաժարվի պատմական հայրենիքից:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Հայաստանը եւս մեկ անգամ հաստատում է տարածքային ամբողջականության եւ սահմանների անփոփոխության սկզբունքները` դրանով իսկ հաստատուվ, որ Արցախի հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին հարցը եւ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբոջղականությունը:

Ինչպես պնդում է «Հայ կամավորականների միությունը», ՀՀ նախագահը կրկին զոհաբերում է Հայաստանի շահերը` լինելով գերտերությունների կամակատարը:

«Հայ կամավորականների միություն» ազգային - քաղաքական նախաձեռնությունը կոչ է անում իր հայրենակիցներին կանգնեցնել ներկա գործընթացը, ինչը թույլ կտա ամրագրել դիվանագիտական դաշտում Արցախյան պատերազմի հաղթանակը: