1 սեպտեմբերի 2009 - 22:55 AMT
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործում զիջումների է գնում ԼՂՀ եվ Հայոց ցեղասպանության հարցերում
«Ես միշտ եղել եմ եւ հիմա էլ եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակիցը, բայց միշտ պետք է հաշվի առնել, թե ինչի հաշվին ենք մենք հաստատում այդ հարաբերությունները», - այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նշեց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը:

Ըստ Արզումանյանի, եթե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը գնալու է ի վնաս Լեռնային Ղարաբաղի եվ Հայոց ցեղասպանության հարցերի, Հայաստանի համար սա չի կարող ընդունելի լինել: Նախկին նախարարը կարծում է, որ այսօր հենց այս հարցերում է Հայաստանը գնում զիջումների Թուրքիային:

PanARMENIAN.Net -ի թղթակցի այն հարցին, թե որքանով է հիմնավորված նման հայտարարությունը, եթե Հայաստանի եվ Թուրքիայի միջեւ արդեն իսկ ստորագրված արձանագրություններում չի հիշատակվում Արցախի եվ Հայոց ցեղասպանության հարցերի մասին, Ալեքսանդր Արզումանյանը պատասխանել է, որ արձանագրություններում ԼՂՀ եվ Հայոց ցեղասպանության հարցերի հիշատակման բացակայությունը չի նշանակում, որ նման նախապայմաններ Թուրքիայի կողմից չեն դրվում: «Մինչ օրս Թուրքիան դնում է նախապայմաններ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, ինչի մասին վկայում են թուրք քաղաքագետների եւ վերլուծաբանների հայտարարությունները» - եզրափակեց Արզումանյանը: