1 սեպտեմբերի 2009 - 23:21 AMT
Թուրքիան ամենից շատ մանյովրելու է Հայաստանի հետ համաձայնագրերի փոխանակման փուլում
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է մտնել փակուղի ոչ միայն Թուրքիայի կողմից Արցախի խնդրի շահարկման պատճառով, այլեւ թուրքական էլիտայի ներսում տիրող ճգնաժամի պատճառով, որը ծագել է իշխանության եւ ընդդիմության միջեւ պայքարի արդյունքում: «Վերջիվերջո Թուրքիան այսօր գտնվում է այնպիսի գործընթացում, որից սպասելիքներն ինքնին Թուրքիայում անկանխատեսելի են», - ասյօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց «Եվրոպական ինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

Ըստ Բեքարյանի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կողմերն իրար նկատմամբ մեծ անվստահություն ունեն: «Մեծ տարբերություն կա այս երկու երկրների միջեւ, քանի որ այսօր միջազգային հանրության կողմից Հայաստանը դիտարկվում է որպես ավելի կանխատեսելի երկիր, քան Թուրքիան», - հավելել է Բեքարյանը:

Բեքարյանը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը ենթաբաժանվում է մի քանի փուլերի. առաջինը տեւում է վեց շաբաթ, որից հետո կստորագրվի փաստաթուղթ, այնուհետեւ հաջորդում է երկու երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթերի վավերացման փուլը, որտեղ ժամկետները հստակեցված չեն: «Հենց այս փուլում է Թուրքիան մանյովրելու ամենից շատ», - նշեց Բեքարյանը: Նա նաեւ նշեց, որ Թուրքիան չի կարող հասնել հաջողության մանյովրելու արդյունքում, եթե տարածաշրջանում չծագի ֆորս-մաժորային իրավիճակ:

PanARMENIAN.Net - ի թղթակցի այն հարցին, թե ինչը պատճառ հանդիսացավ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այդ արձանագրությունների ստորագրման համար, եթե մինչ այդ գնում էին խոսակցություններ այն մասին, որ բանակցությունները մտել են փակուղի, Բեքարյանը պատասխանեց, որ գործընթացի վրա միջազգային ճնշում է գործադրվում: