Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է ձգձգվել

PanARMENIAN.Net - Ռիսկ կա, որ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ հայ-թուրքական գործընթացը կարող է ձգձգվել: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Հայ-թուրքական փոխհարաբերություններում իրադարձությունների զարգացումը բանակցային գործընթացի արդյունքն է, որն արդեն վաղուց է ընթանում: Ակնհայտ է, որ գործընթացի շարունակման համար Թուրքիայի վրա լուրջ ճնշում են գործադրում ինչպես ԱՄՆ-ն ու Եվրոպան, այնպես էլ Ռուսաստանը: Բացի դրանից, թուրքական ղեկավարության վրա ճնշում կա նաեւ Թուրքիայի ներսում: Այնտեղ կան ուժեր, որոնք կողմ եւ դեմ են Հայաստանի հետ այդ գործընթացին»,- նշել է հայ քաղաքագետը:



Խոսելով գործընթացի ռիսկերի մասին` Ալեքսանդր Իսկանդարյանն ընդգծել է, որ ներկայումս գոյություն ունի գործընթացի ձգձգման վտանգ: «Այժմ կասկած չկա, որ Արձանագրությունները ստորագրվելու են Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնական անձանց կողմից, սակայն փաստաթղթերը կիրագործվեն այն բանից հետո, երբ դրանք վավերականացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Հայաստանի խորհրդարանում կոալիցիայի ու ընդդիմության ներկայիս հարաբերակցության պայմաններում այդ փաստաթուղթը հնարավոր է անցկացնել: Թե ինչ կլինի Թուրքիայի խորհրդարանում, չեմ կարող ասել, բայց այն, որ գոյություն ունի չվավերականացնելու եւ գործընթացի ձգձգման վտանգ, դա պարզ է արդեն ինքնին փաստաթղթերից»,- ընդգծել է քաղաքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---