2 սեպտեմբերի 2009 - 18:11 AMT
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է ԼՂՀ-ին անկախության տոնի առթիվ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` անկախության հռչակման 18-ամյակի առթիվ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: «Այսօր յուրաքանչյուրս կիսում է Արցախի մեր ազատատենչ քույրերի ու եղբայրների ուրախությունը, ովքեր սեպտեմբերի 2-ին նշում են իրենց գլխավոր պետական տոնը` Անկախության օրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեռեւս 18 տարի առաջ այս օրերին մաքառման ու պայքարի բովում էր թրծվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այնքան բաղձալի անկախությունը, իսկ այժմ այն հասունության փորձությունը բռնած պետություն է` կայացած պետական ու հանրային ինստիտուտներով ու մասնակցային ժողովրդավարության օրինակելի որակով: «Այդպիսի ձեռքբերումներով կարող է հպարտանալ յուրաքանչյուր նորանկախ երկիր, եւ հպարտության այս պահին մենք գլուխ ենք խոնարհում բոլորի հիշատակի առջեւ, որոնց արյամբ ու զրկանքներով նվաճվեցին Արցախի անկոտրում ժողովրդի ազատությունն ու անկախությունը»,- նշվում է ուղերձում:

Կառավարության ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն ու հայրենակիցներին մաղթել է խաղաղություն, բարօրություն եւ ամենայն բարիք: