2 սեպտեմբերի 2009 - 18:56 AMT
Արմավիրում տեղակայված հակակարկտային կայաններն արդարացրեցին իրենց արդյունավետությունը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը եւ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը ծանոթացան Արմավիրի մարզում տեղակայված հակակարկտային կայաններին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մարզի հինգ համայնքներում մայիս - օգոստոս ամիսներին տեղադրված 12 հակակարկտային կայանները, որոնք արդեն շահագործվել են երեք անգամ, մասնագետների կարծիքով արդարացրել են ակնկալիք արդյունավետությունը: Այդ կայանները կարկուտից պաշտպանում են 1000 հա հողատարածք:

Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ առաջիկայում կքննարկվի եւ ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի 2010 թ-ին հանրապետության տարածքում 120 հակակարկտային կայան տեղադրելու համար ֆինանսավորում հատկացնելու հարցը:

Միեւնույն ժամանակ կարկուտի դեմ համալիր պայքար տանելու համար Հանրապետության տարածքում անհրաժեշտ է տեղակայել 250 հակակարկտային կայան, ինչի համար կպահանջվի 1-ից 2 տարի: