«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի անդրադարձը վիրահայության եւ ջավախքահայության խնդիրներին

PanARMENIAN.Net - 2009թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին իր խոսքում, անդրադարձ է կատարել վիրահայությանն ու ջավախքահայությանը հուզող խնդիրներին, ասելով, մասնավորապես, հետեւյալը. «Մենք պետք է լուրջ ջանքեր գործադրենք վիրահայությանը հնարավոր աջակցություն ցույց տալու համար: Ջավախքի նկատմամբ մեր վարած քաղաքականության տրամաբանությունը, բովանդակային առումով, պետք է բխի «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքից: Կարծում եմ, որ հայերենը Վրաստանում մարզային լեզու ճանաչելու, Հայկական առաքելական սուրբ եկեղեցու գրանցումն ապահովելու, Վրաստանի հայկական հուշարձանների պահպանմանն ուղղված քայլերը Վրաստանում միայն նպաստելու են հայ-վրացական բարեկամության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի խորացմանը: Այս բոլոր հարցերում մենք պետք է լինենք նրբանկատ, բայց հետեւողական եւ սկզբունքային»:



«Երկիր» միությունը ողջունում է ՀՀ նախագահի արտահայտած դիրքորոշումը ջավախքահայությանը եւ վիրահայությանը հուզող հիմնական խնդիրների նկատմամբ` գնահատելով այն որպես պարզ եւ հստակ: Կարելի է նշել, որ ՀՀ նախագահի խոսքերն էլ ավելի մեծ կշիռ եւ նշանակություն են ստանում այն հանգամանքի բերումով, որ դրան հնչեցվել են Վրաստանի արտգործնախարարի Երեւան կատարվելիք այցի նախօրյակին:



«Երկիր» միությունը նաեւ արձանագրում է, որ ՀՀ նախագահի կողմից առաջարկված քայլերն ուղղակիորեն համահունչ են մի շարք միջազգային (միջկառավարական) կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի եւ Եվրախորհրդի, ինչպես նաեւ` հեղինակավոր ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից Վրաստանի կառավարությանն ուղղված կոնկրետ հանձնարարականներին:



«Երկիր» միությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին` եւս ճանաչել երկրի հայ բնակչության առջեւ ծառացած լեզվա-կրթական, կրոնական եւ մշակութային խնդիրների առկայությունը, ինչպես նաեւ` գործուն քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ` կիրառելով մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն էթնիկական փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում Վրաստանի կառվարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տառին եւ ոգուն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---