2 սեպտեմբերի 2009 - 20:23 AMT
ԼՂՀ -ին հաջողվեց հաղթահարել դժվարությունները համեմատաբար սեղմ ժամկետներում
1991թ.-ի սեպտեմբերի 2-ին Արցախի հայությունը մեր ժողովրդի հնագույն պատմության մեջ բացեց նոր էջ` ամուր կանգնելով ազատ եւ անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետության կերտման դժվարին եւ պատվաբեր ճանապարհին: Սույնն ասվում է Լեռնային Ղարաբաղի անկախության օրվա առթիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կատարած ուղերձում: «Իր կերտման առաջին իսկ օրերից մեր Հանրապետությունը ստիպված էր լուծել դժվարագույն խնդիրներ եւ առաջին հերթին պաշտպանել իր անկախությունն ու բնակչության անվտանգությունը: Մայր Հայաստանի եւ սփյուռքի աջակցությամբ Արցախին հաջողվեց պատվով իրականացնել այդ առաքելությունը` պահպանելով պետականությունն ու անկախությունը եւ էլ ավելի ամրապնդելով սեփական անվտանգությունը: Դա հնարավոր եղավ հայ ժողովրդի հավաքական ուժի եւ միասնության շնորհիվ: Բազմաթիվ հայորդիներ զոհեցին իրենց կյանքը հանուն Հայրենիքի պաշտպանության: Հավիտենական փառք ու պատիվ նրանց: Պատերազմից հետո Արցախի առաջ կանգնեցին նոր մարտահրավերներ, այս անգամ արդեն տնտեսական ճակատում: Հարկավոր էր վերականգնել քայքայված տնտեսությունը եւ ստեղծել ամուր հիմքեր պետության հետագա զարգացման համար: Համայն հայության արարող կամքի, ապագայի նկատմամբ լավատեսության եւ արցախցիների անսպառ էներգիայի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հաջողվեց հաղթահարել այդ ամենը համեմատաբար սեղմ ժամկետներում», - նշել է ԼՂՀ ղեկավարը:

Նա նաեւ նշել է, որ այսօր Հանրապետությունը կայուն զարգանում է, արձանագրվում է աճ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, բարձրանում է բնակչության կենսամակարդակը: «Մեր Հանրապետությունում գործում է ժողովրդավարական համակարգ, որը համապատասխանում է միջազգային նորմերին եւ չափանիշներին: Արցախը հանդիսանում է տարածաշրջանի կայունության պահպանման կարեւորագույն գործոններից մեկը, իսկ նրա միջազգային ճանաչումը միայն ժամանակի հարց է: Մեր պետության եւ ազգաբնակչության անվտանգության գլխավոր երաշխիքը` ԼՂՀ Պաշտպանության բանակը, ի վիճակի է արժանի հակահարված տալ ցանկացած ոտնձգությանը` ուղղված մեր անկախության եւ անվտանգության դեմ: Սակայն անելիքներ դեռ շատ կան եւ մենք պետք է ամենօրյա քրտնաջան եւ հետեւողական աշխատանքով լուծենք այն խնդիրները, որոնք կանգնած են մեր պետության առաջ եւ անշեղ ամրացնենք սեփական երկիրը: Իր զարգացման եւ պետականության կառուցման ճանապարհին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջնորդվել է հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու եւ խաղաղ համակեցության մեջ լինելու սկզբունքով: Մենք համոզված ենք, որ ցանկացած վիճելի հարց պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, ուղիղ եւ անկեղծ երկխոսության միջոցով: Միեւնույն ժամանակ խոսք անգամ լինել չի կարող Արցախի անկախության եւ անվտանգության նույնիսկ աննշան թուլացման մասին: Այս բացառիկ արժեքները վիճարկման ենթակա չեն: Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս կարեւոր տոնի կապակցությամբ եւ մաղթում եմ խաղաղություն, քաջ առողջություն եւ ամենայն բարիք», - ասել է Բակո Սահակյանը: