2 սեպտեմբերի 2009 - 22:20 AMT
Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, եթե լինի երկրի ղեկավարության քաղաքական որոշումը
«Արձանագրությունների նախնական ստորագրմանը կհետեւի փաստաթղթերի ներքին քննարկումը, որի ժամանակ կբացահայտվի Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական ուժերի ու հասարակությունների կարծիքների ողջ ներկապնակը»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ԵՊՀ թրքագիտության ամբիոնի դասախոս, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ըստ Մելքոնյանի, Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժերն արդեն բուռն կերպով քննադատում են կարգավորման գործընթացը` շահարկելով «եղբայրական Ադրբեջանի շահերի ոտնահարման» հարցը:

Նա նաեւ նշել է, որ հաջորդ խթանը գործընթացին կհաղորդվի երկու երկրների խորհրդարանների կողմից այդ փաստաթղթերի վավերացումից հետո: Հայ թուրքագետը գտնում է, որ քաղաքական ուժերի դասավորությունը Թուրքիայի խորհրդարանում, որտեղ իշխող կուսակցությունը մեծամասնություն ունի, իսկ քանակով չորրորդը քրդական «Ժողովրդավարական հասարակարգ» կուսակցությունն է, պարզ մատնանշում է, որ թուրքական խորհրդարանը կողմ կարտահայտվի Հայաստանի հետ սահմանի բացմանը: «Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները, եթե լինի երկրի ղեկավարության քաղաքական որոշումը»,-ասել է Մելքոնյանը:

Ըստ թուրքագետի, չի բացառվում իրադարձությունների զարգացում մեկ այլ ուղղությամբ, քանի որ, ինչպես հաղորդում են թուրքական վերլուծական շրջանակները, արդեն երեկ Թուրքիայի վարչապետ Էրդոփղանը խոստացել է ադրբեջանցի գործընկերներին, որ քանի դեռ լուծված չէ ղարաբաղյան խնդիրը, այս փաստաղթերը չեն վավերացվի: «Արձանագրության մեջ չի նշվում վավերացման կոնկրետ ժամկետը, ինչաը վկայում է այն երկարացնելու հնարավորության մասին»,-ասել է Մելքոնյանը: