Մինչեւ 2012 թվականը Հայաստանում կգործի շուրջ 150 ավագ դպրոց

PanARMENIAN.Net - Մինչեւ 2012 թվականը Հայաստանում կգործի շուրջ 150 ավագ դպրոց, մամլո ասուլիսում լրագրողներին է հաղորդել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթական դպրոցների գերատեսչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին: «Անցյալ տարի մեզ մոտ գործել է 10 ավագ դպրոց, այս տարի դրանց քանակը կազմել է 48, իսկ 2010 թվականին նախատեսվում է ավելացնել դրանց թիվը եւս 50-ով, իսկ 2012 թվականին ավագ դպրոցների ընհանուր թիվը կհասնի 150-ի»,-ասել է նա:



Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ ավագ դպրոցների ստեղծման հիմնական նպատակն է բավարար գիտելիքներով ապահովել հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած աշակերտներին` հետագայում բուհ ընդունվելու համար: Այս համատեքստում Ն.Հովհաննիսյանը հավելել է, որ ավագ դպրոցների ստեղծումը կթեթեւացնի ինչպես ծնողների հոգսերը, ազատելով նրանց կրկնուսույցներին վճարվող ավելորդ ծախսերից, այնպես էլ մանկավարժների աշխատանքը բարձրդասարանցիների հետ: «9-րդ դասարանն ավարտած աշակերտը հնարավորություն է ստանում ընտրել այն ուղղությունը, որն իրեն հետաքրքրում է եւ շարունակել եռամյա կրթությունը ավագ դպրոցում»,-պարզաբանել է Հովհաննիսյանը: Ավագ դպրոցներում աշակերտը կստանա բուհ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքների շուրջ 70 տոկոսը, ինչը թույլ կտա կրճատել ստվերային հատվածը կրթության համակարգում: Խոսելով ավագ դպրոցների առավելությունների մասին` Հովհաննիսյանը նշել է, որ դպրոցականները հաճույքով են այցելել ավագ դպրոց 2008 թվականին:



Ինչ վերաբերում է ավագ դպրոցների ուսուցչական կազմին, ապա այս առիթով Հովհաննիսյանը հաղորդել է, որ այդ ուսուցիչները վերապատրաստման երկամյա դասընթացներ են անցել: «Մեծ աշխատանք է կատարվել ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ, նրանք արդեն վերապատրաստման երկամյա դասընթացներ են անցել, վերջում քննություն հանձնելով, իսկ հոկտեմբերին վերապատրաստում կանցնեն ավագ դպրոցների տնօրենները»,-ասել է նա: Ըստ Հովհաննիսյանի, այդ դասընթացները ֆինանսավորվում են ՀԲ-ի եւ պետբյուջեի միջոցներով:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---