9 սեպտեմբերի 2009 - 17:29 AMT
ՄՓՀ. Համաշխարհային տնտեսության մեջ կայունացման միտումներ են նկատվում
Համաշխարհային տնտեսության մեջ կայունացման միտումներ են նկատվում, գտնում է Հայաստանում Միջազգային փոխարժույթի հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը: «Համաշխարհային տնտեսության վերականգնումը բավական դանդաղ գործընթաց է, սակայն շատ երկրների տնտեսագետներ գտնում են, որ ամբողջ աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ում ու Եվրոպայում կայունացման միտումներ են նշմարվում»,- ասել է նա:

Ինչպես նշել է ՄՓՀ մշտական ներկայացուցիչը, համաշխարհային տնտեսության վերականգնման մասին վկայում է այն փաստը, որ պղնձի եւ մոլիբդենի գները սկսել են աճել: «Պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գնաճը կնպաստի Հայաստանի տնտեսության վերականգնմանը, որն արտահանում է այդ արտադրանքը»,- ավելացրել է նա:

Դրա հետ մեկտեղ, Օմեսի կարծիքով, ազգային դրամի արժեզրկումը մարտին շահեկան էր արտահանողներին, իսկ լեռնահանքային արդյունաբերության ընկերությունները, որոնք կանգ էին առել, արդեն աշխատում են: