Միամտություն է ենթադրել, որ թուրքական արխիվներում Հայոց ցեղասպանության փաստն ապացուցող փաստաթղթեր են մնացել

PanARMENIAN.Net - «ՀՀ եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրություններում անընդունելի է ենթահանձնաժողովի կազմավորման մասին կետը, որը ենթադրում է, որ այդ ենթահանձնաժողովը հետազոտելու է պատմական փաստերը, որովհետեւ, հետազոտելով Հայոց ցեղասպանության մասին զանազան արխիվային փաստաթղթերը, մենք դրանով իսկ կասկածի տակ ենք դնում ցեղասպանության իրականացման փաստը»,- այսօր Երեւանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ համատեղ մամլո ասուլիսին ընդգծել է Սոցիալ-դեմոկրատական «Հնչակյան» կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:



Սարգսյանի խոսքով, Թուրքիայի հետ քննարկելով ցեղասպանության հարցը` Հայաստանը ոչ միայն թույլ է տալիս կասկածի տակ դնել ինքնին Հայոց ցեղասպանության փաստը, այլեւ անհարմար դրության մեջ է դնում այն երկրներին, որոնք դատապարտել են մարդկության դեմ իրականացված այդ հանցագործությունը:



ՀՀԿ-ից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հերթին որպես հակառակ փաստարկ հայտարարել է, որ հետազոտելով ցեղասպանության մասին թուրքական արխիվային փաստաթղթերը, Հայաստանը, ընդհակառակը, նոր փաստեր է ձեռք բերելու, որոնք ապացուցում են հայկական կողմի պնդումների արդարացիությունը:



Ի պատասխան ՀՀԿ-ից պատգամավորի խոսքին Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ Հայաստանի կողմից միամտության գագաթնակետի դրսեւորում կլինի ենթադրել, որ թուրքական արխիվներում Հայոց ցեղասպանության փաստն ապացուցող փաստաթղթեր են մնացել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---