9 սեպտեմբերի 2009 - 18:59 AMT
Ներսես Երիցյան. Հայ - իսպանական համագործակցությունն օգտագործվում է ոչ ամբողջությամբ
Հայ - իսպանական համագործակցությունն օգտագործվում է ոչ ամբողջությամբ, կարծում է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նրա խոսքերով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարի կազմել է շուրջ 8 մլն դոլար: «Համեմատած Եվրամիության այլ երկրների հետ դա հանդիսանում է շատ ցածր ցուցանիշ, սակայն կա մեծ հնարավորություն տնտեսական համագործակցությունը խորացնելու համար», - նշել է նա:

Ինչպես նշեց նախարարը, Իսպանիայի տնտեսությունը բավականին տարբերակված է, կայուն զարգանում է, իսկ Վալենսիայի ձեռներեցների շրջանում կա մեծ հետաքրքություն այս տարածաշրջանում նոր շուկաների որոնման եւ իրենց ապրանքների սպառման համար: Երիցյանը նշեց, որ իսպանացի ձեռներեցների Հայաստան կատարած այցը հիմնականում ճանաչողական բնույթ է կրում, թեեւ հնարավոր է, որ քննարկումների արդյունքում ձեռք բերվեն որոշ պայմանավորվածություններ:

Միեւնույն ժամանակ Երիցյանը նշեց, որ ճգնաժամի պայմաններում բոլոր կառավարությունները շահագրգռված են աջակցել իրենց երկրի ձեռներեցներին արտաքին շուկա դուրս գալու եւ նորանոր հնարավորություններ փնտրելու համար: «Բիզնես ֆորումը հանդիսանում է լավ հնարավորություն, որպեսզի իսպանական կողմին ներկայացվեն համագործակցության հեռանկարներն ու Հայաստանում բիզնեսի ստեղծման հնարավորությունները», - նշեց երկրի գլխավոր տնտեսագետը:

Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրեց, որ Իսպանիայից Հայաստան են ներկրում կերամիկա, ծովային մթերքներ, իսկ արտահանում են հումքային ապրանքներ: Երիցյանը հավելեց, որ Հայաստանում հայ - իսպանական համատեղ ձեռնարկությունների թիվը մեծ չէ, կան ձեռնարկություններ, որոնք ունեն իսպանական կապիտալ:

Երեւանում անց է կացվում հայ - իսպանական բիզնես ֆորում, որին մասնակցում են արդյունաբերության, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, շինարարության, արդյունաբերական թափոնների վերամշակման, վերականգնվող էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչներ Հայաստանից եւ Իսպանիայից:

Այցի շրջանակներում իսպանացի ձեռներեցները հանդիպել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին, տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, քննարկել են պետությունների համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը եւ այդ ոլորտում մասնավոր սեկտորը եւ նորարար հնարավորությունները: