12 ապրիլի 2002 - 23:36 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ
Անցյալ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի հրեական լոբբին առաջիկայում եւս կաջակցի թուրքերին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Անկարայում հրատարակվող «Թըրքիշ դեյլի նյուս» թերթը, դա հետեւում է Իսրայելի ԱԳՆ արեւմտյան Եվրոպայի գծով դեպարտամենտի պետ Վիկտոր Հարելի եւ Եվրամիությունում այդ երկրի դեսպան Հարրի Քնեյթալի հայտարարություններից: Նրանց խոսքերով, ԱՄՆ-ի հրեական լոբբին պատրաստ է ամեն կերպ աջակցել Թուրքիային, այդ թվում եւ «հայերի պահանջների կանխարգելման» հարցում: Եվ դա չնայած այն բանին, որ վարչապետ Էջեւիթը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Իսրայելի գործողությունները պաղեստինյան հողերում որակել է որպես «ցեղասպանություն»: Ճիշտ է, Բյուլենթ Էջեւիթը հետագայում փորձ արեց չեզոքացնել իր արտահայտությունների բացասական ազդեցությունը, հայտարարելով, որ նրա խոսքերը սխալ են մեկնաբանվել: Ամերիկայի հրեական լոբբիստական կազմակերպությունները Էջեւիթի արտահայտություններին ի պատասխան երկու նամակ էին ուղարկել Թուրքիայի վարչապետի աշխատակազմ` «խորը հիասթափության» արտահայտություններով:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: