10 սեպտեմբերի 2009 - 20:01 AMT
«Նոր ժամանակների» առաջնորդը կարծում է, որ նախապայմաններ պետք է դնի Հայաստանը, այլ ոչ թե Թուրքիան
«Արամ Կարապետյան. հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հետ զուգահեռ Հայաստանի իշխանությունները մոտեցնում են երկիրը քաղաքական իրականության շատ դժվարին եւ կոպիտ փուլի», - այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Կարապետյանի խոսքերով այս գործընթացում Թուրքիան եւ Ադրբեջանը վարում են համատեղ խաղ եւ վերջին հաշվով հայ - թուրքական սահմանի բացումը կպայմանավորվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ: «Ճիշտ է, ՀՀ ղեկավարությունը հավաստիացնում է, որ արձանագրություններում խոսք անգամ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, բայց այդ նախապայմանը դրվում է, ինչի մասին են վկայում Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարություններ», -նշեց նա:

Կարապետյանը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Հարաբերությունների կարգավորման գործընթացում ոչ թե թուրքական կողմը պետք է նախապայմաններ դնի, այլ հայկականը: «Շատ զարմանալի է, որ Հայաստանը թուրքական կողմի առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման նախապայման չի դնում: Նախքան բանակցություններ տանելը եւ սահմանը բացելը, Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ Թուրքիայի կողմից մեկ եւ կես միլիոն հայ է սպանվել», - հավելել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք «Նոր ժամանակներ» կուսակցությունը դեմ է հայ - թուրքական սահմանի բացմանը, Արամ Կարապետյանը պատասխանեց, որ մինչ Հայաստանը եւ Թուրքիան կկարգավորեն իրնեց հարաբերություւները, Հայաստանը պետք է դնի երկու նախապայման. Հայոց ցեղասպանությա ճանաչում եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ սահմանի բացման հարցի տարանջատում: